ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «2019թ. ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած Էդգար Ծատինյանին պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու հիմքով հարուցված քրեական գործը քննում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում։ Է.Ծատինյանը «Արմենիա» ԲԿ էր տեղափոխվել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում խոշտանգվելուց հետո»:
Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից:
Վերոգրյալի վերաբերյալ հայտնում ենք, որ Է.Ծատինյանը հիվանդանոցում հայտնվելու օրը և դրան նախորդող օրերին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում չի եղել, հետևաբար չէր կարող խոշտանգման ենթարկվել հիշյալ քննչական բաժնում: Հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելուց:
Ինչ վերաբերում է Ծատինյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով հարուցված քրեական գործին, նշենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ Է.Ծատինյանի մահվան հանգամանքներն օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննելու ուղղությամբ:
Մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը ստացվել է օրերս:
Ըստ փորձաքննության եզրակացության՝ Է.Ծատինյանի մահը վրա է հասել 08.04.2019 թվականին՝ սուր սիրտ-անոթային անբավարարությունից, որը պայմանավորված է մետամֆետամին տեսակի թմրամիջոցով սուր-արտածին թունավորմամբ՝ ուղեկցվված հիպերթերմիայով, ցնցումներով, զարկերակային հիպերտենզիայով, հաճախասրտությամբ, տոքսիկ կոմայով, հեպատոսպլենոմեգալիայով, ներքին օրգանների դիստրոֆիկ-նեկրոտիկ փոփոխություններով, որը հիմնավորվում է դատաքիմիական ուսումնասիրությամբ, արյան և մեզի մեջ, ինչպես նաև՝ ներքին օրգաններում մետամֆետամին տեսակի թմրամիջոցի առկայությամբ:
Ելնելով այն հանգամանքից, որ ստամոքսում հայտնաբերվել են օտար մարմիններ՝ պոլիէթիլենային տոպրակներ, և ներքին օրգանների դատաքիմիական ուսումնասիրությամբ մետամֆետամին տեսակի թմրամիջոցի առավել մեծ քանակությունը հայտնաբերվել է ստամոքսում՝ կարելի է ասել, որ թմրամիջոցն օրգանիզմ է ներթափանցել բերանի խոռոչի միջոցով՝ կուլ տալու եղանակով: