Սևանա լճից ջրառ կկատարվի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է ոռոգման նպատակով ջրառ կատարել Սևանա լճից:

Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից 2019 թվականի ոռոգման շրջանում, ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 32 հազ հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը գետի հունով բացթողնվող ջրի ծավալը կկազմեն շուրջ 508 մլն մ3:

Նշված ծավալի ջրի պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից շուրջ 195,0 մլն մ3, Ազատի ջրամբարից շուրջ 60,0 մլն մ3, Ապարանի ջրամբարից շուրջ 35,0 մլն մ3 ջրաքանակներով` օգտվելով ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության` ՀՀ գետերի 2019թ. գարնանային վարարումների տարրերի կանխատեսումից:

Պահանջարկի և վերը նշված ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի՝ ջրառաջարկի տարբերությունը (դեֆիցիտ) կազմում է շուրջ 168 մլն մ3:

Հաշվի առնելով նաև Մարտունու տարածաշրջանում Սևանա լճից ջրառ իրականացնող պոմպակայանների շահագործման անհրաժեշտությունը, ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով նախատեսվել է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով սահմանված մինչև 170,0 մլն մ3 չափաքանակը:

Դեֆիցիտի մնացած շուրջ 50 մլն մ3-ը նախատեսվում է մեղմել Մխչյանի և Ռանչպար-Արևշատ պոմպակայանների առավելագույն հզորությամբ գործարկմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել