Մեղադրական դատավճիռ է կայացվել սերմացու ցորենի հատկացման գործընթացում առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու համար մեղադրվող Ձյունաշող համայնքի ղեկավարի նկատմամբ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրական դատավճռով ավարտվել է մատչելի գներով աշնանացան ցորենի սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրագործման ընթացքում  Լոռու մարզի Ձյունաշող համայնքի ղեկավարի կողմից յուրացման եղանակով առաձնապես խոշոր չափերի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք  կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:

 Մասնավորապես՝ դատաքննությամբ հիմնավորվել է, որ 2015թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի և Լոռու մարզպետարանի միջև կնքված փոխառության պայմանագրով մարզպետարանին է հանձնվել աշնանացան ցորենի սերմացու: Լոռու մարզի Ձյունաշող համայնքի ղեկավար Գ. Գ.-ն, նպատակ ունենալով յուրացման եղանակով հափշտակել համայնքի հողօգտագործողներին հատկացվելիք առանձնապես խոշոր չափերի աշնանացան ցորենի սերմացուն, 2015 թ. մարզպետարան է ներկայացրել 30.000 կգ աշնանացան ցորենի սերմացուի պահանջ: Անձամբ ստանալով համայնքի շահառուների համար նախատեսված 4.800.000 ՀՀ դրամ արժողությամբ 30.000 կգ աշնանացան ցորենի սերմացուն՝ նա պարտավորվել է մինչև 2016 թ. հոկտեմբերի 10-ը հետ վերադարձնել սերմացուի դիմաց գոյացած պարտքը: Սակայն հետագայում ստացած առանձնապես խոշոր չափերի՝ 4.368.000 ՀՀ դրամ արժողությամբ 27.300 կգ սերմացուն հողօգտագործողներին չի հատկացրել, այլ օգտագործել է սեփական կարիքները հոգալու և իր կողմից օգտագործվող հողերը մշակելու նպատակով: Այսինքն օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի աշնանացան ցորենի սերմացուն:

Այնուհետև, համայնքի ղեկավարը, գոյացած պարտավորությունը անձամբ չկատարելու շահադիտական դրդումներից ելնելով, 2015թ. համայնքապետարանի աշխատակցուհու միջոցով կազմել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ ցանկեր, որում կեղծ տեղեկություններ է ներառել համայնքի հողօգտագործողների կողմից աշնանացան ցորենի սերմացու ստանալու վերաբերյալ: Ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթի արժանահավատությունը հաստատելու նպատակով խնդրել է կնոջը նմանեցնելու եղանակով կեղծել ցանկերում ներառված շահառուների ստորագրությունները, որից հետո  բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերը ներկայացրել է Լոռու մարզպետարան: Դրանց հիման վրա ՀՀ կառավարության որոշմամբ պարտքը ներելու միջոցով դադարեցվել են Լոռու մարզի Ձյունաշող համայնքի 4.800.000 ՀՀ դրամի պարտավորությունները:

Նկարագրված արարքները կատարելու համար Գ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նախաքննության ընթացքում, ինչպես նաև դատաքննության ժամանակ Գ. Գ.-ն ամբողջությանբ հատուցել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի վնասը։

 2019թ. մայիսի 30-ին կայացված դատավճռով Գ. Գ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված արարքներ կատարելու մեջ և վերջնարդյունքում դատապարտվել  5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ 2 տարի ժամկետով զրկվելով տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Գ. Գ.-ի նկատմամբ նշանակված հիմնական պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով:

Գ. Գ.-ի նկատմամբ կիրառվել է համաներում, և նա ազատվել է հիմնական պատժի կրումից: Սակայն որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելու լրացուցիչ պատիժը մնացել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել