ՀՀ-ում պատիժը կրող օտարերկրացիների փոխանցումից հետո վերջիններիս մուտքը Հայաստան կբացառվի. օրինագիծ

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է  լրացումներ կատարել «Օտարերկրացիների մասին» լրացումներ կատարելու մասին» օրենքում:

Օրենքով սահմանված կարգով ներկայումս օտարերկրացու արտաքսումը Հայաստանի Հանրապետությունից հնարավոր է իրականացնել միայն նրա՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու օրինական հիմքերի բացակայության դեպքում:

Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականությունը իրականացնում է բաց վիզային ռեժիմով, իսկ որոշ երկրների հետ՝ առհասարակ առանց վիզային ռեժիմի, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետություն ազատ մուտքը հասանելի է բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիների:

Նախարարությունը նշում է, որ վերը նշված հանգամանքը հանգեցնում է նաև բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ օրենքների խախտումների և հաճախ նաև քրեորեն պատժելի արարքներ կատարելու պատճառով վերջիններս  պատիժ են կրում Հայաստանի Հանրապետությունում:

Հիմք ընդունելով դատապարտյալների փոխանցման ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդրի լուծման անհրաժեշտությունը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը 2013-2018թթ ընթացքում իրենց քաղաքացիության երկրներում ՀՀ դատավճռով սահմանված հետագա պատիժը կրելու նպատակով օտարերկրյա պետություններ է փոխանցել ավելի քան 200 դատապարտյալների:

Դատապարտյալների փոխանցման միջազգային, ինչպես նաև հայաստանյան  փորձի ուսունասիրությունը ցույց է տալիս, որ մեծամասամբ դատապարտված օտարերկրացիների նկատմամբ օրինական հիմքերով և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով դատապարտյալի փոխանցման գործընթացի ավարտից հետո նրանց նկատմամբ կիրառվում են պայմանական վաղակետ ազատման, համաներման  կամ ներման ինստիտուտները, որոնց արդյունքում նշված դատապարտյալները կրկին հայտնվում են ազատության մեջ և հետևաբար հնարավորություն են ստանում կրկին վերադառնալ Հայաստանի Հանրապետություն:

Մի շարք օտարերկրա պետություններ (Մեծ Բրիտանիան, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան) վերը նշված խնդրի լուծման նպատակով ներպետական օրենսդրությամբ սահմանել են իրենց երկրներում օտարերկրացիների արտաքսման հնարավորությունը, այն դեպքում երբ վերջիններս իրենց երկրներում կատարել են քրեորեն պատժելի արարքներ:

Հիմնավորման մեջ նշված է, որ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ոչ միայն հստակեցնել արտաքսման պատճառները, այլ ամբողջական կարգավորել նշված հարաբերությունները՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող օտարերկրացիների փոխանցումից հետո վերջիններիս մուտքը Հայաստան բացառելու օրինական հիմքեր, ինչն իր հերթին կնպաստի հանցավորության աճի և կրկնահանցագործների թվի նվազեցմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել