Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյլաներ են ստացվել Կապան համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։
Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Տվյալների հիման վրա գլխավոր վարչության ծառայողները Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի գործընկերների հետ համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել՝ պարզելով հետևյալը։ Նախնական տվյալներով՝ 2006 թվականի հոկտեմբերին Կապան համայնքի ավագանին որոշում է կայացրել անհատույց, նվիրատվության կարգով վարձակալներին օտարել համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները։ Մեկ տարի անց Կապանի նախկին քաղաքապետը, հղում անելով վերը նշված ավագանու որոշմանը, իր հերթին որոշում է կայացրել Սյունիքի նախկին մարզպետին նվիրատվության կարգով օտարել Կապանի Շահումյան 1032 հասցեի բնակարանը , որը ընդգրկված չի եղել համայնքի ավագանու 2006 թվականին ընդունած որոշման մեջ։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն։
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: