2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին օրինագիծը ԱԺ-ն ընդունվեց 2-րդ ընթերցմամբ:
Օրենքի նախագծի իմաստով հատուցման իրավունք ունեն այն անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել նշված իրադարձությունների հետեւանքով։
Նախագծի իմաստով.
1) անձի կյանքին պատճառված վնաս է համարվում անձի մահանալը.
2) անձի առողջությանը պատճառված վնաս է համարվում ստացված վնասվածքի կամ խեղման հետեւանքով անձի ստացած միջին, ծանր եւ առանձնապես ծանր վնասվածքը:
Մահացած անձանց մասով հատուցման պահանջ կարող է ներկայացնել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով տվյալ տուժողի իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը։ Փոխատուցման չափը, կարգն ու պայմանները կսահմանվի առավարության որոշմամբ։
Ոչ նյութական վնասի հատուցման կարգը և չափը որոշելիս Կառավարությունը պարտավոր կլինի կյանքից զրկված յուրաքանչյուր քաղաքացու մասով փոխհատուցման չափը որոշելիս առաջնորդվել տուժողներին հատուցման ողջամտության, արդարացիության եւ համաչափության սկզբունքներով։
Հատուցման չափը որոշելիս դրա նկատմամբ չեն գործում քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ոչ նյութական վնասի չափի նկատմամբ սահմանափակումները։
Կառավարությունը պարտավոր կլինի սահմանել նաև սույն օրենքի իմաստով շահառուներին վճարման ենթակա նյութական վնասի հատուցման կարգը եւ չափը՝ հիմք ընդունելով նշված սկզբունքները։ Հատուցման վճարման ժամկետը նույնպես կորոշի կառավարությունը:
Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը օրինագծի հիմնավորման մեջ նշել են հետևյալը. «Սույն նախագծի նպատակը 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով վնասներ ստացած անձանց հատուցում տրամադրելն է: 2008 թվականի վերոնշյալ իրադարձությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունը չի ապահովել անձանց կյանքի իրավունքը, ուստի հիմա, երբ քայլեր են ձեռնարկվում հանրային համերաշխության հաստատման, անցումային արդարադատության միջոցով անձանց խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ՝ այս օրենքով սահմանվող հատուցումը եւս մի քայլ է ուղղված վերոնշյալ նպատակների իրականացմանը»:
ԱԺ-ն կողմ քվեարկեց նաև հետևալ օրինագծերին.