Դատարանը հրապարակեց Վահագն Հարությունյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր  Աննա Մաթևոսյանի նախագահությամբ այսօր՝ հունիսի 3-ին, որոշում կայացրեց մերժել «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, նախկինում նշված գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ  քննիչի միջնորդությունը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց վերջինիս պաշտպան Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Վահագն Հարությունյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Ըստ մեղադրանքների` Վ. Հ.-ն 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը վարույթ ընդունելուց հետո նշանակվել է քննչական խմբի ղեկավար: Վերջինս նշված քրեական գործով նախաքննության ընթացքում ի պաշտոնե հայտնաբերել է, որ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների՝ ցուցարարների և ոստիկանության միջև բախումների ժամանակ ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ ՊՆ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ, որոնք հիշյալ դեպքերի ընթացքում գործադրել են հրազեն: Մինչդեռ նա, հիշյալ իրադարձությունների ժամանակ ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու, վերջիններիս կողմից կատարած գործողությունները հերքելու և տեղի ունեցածն իրավաչափության քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, այդ, ինչպես նաև իրադարձությունների ժամանակ մի խումբ անձանց սպանությունների հանգամանքները բացահայտելուն ուղղված որևէ գործողություն չի կատարել, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, քննչական խմբի որոշ քննիչների հետ և ոստիկանության այլ ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ, կազմակերպել է քրեական գործով հանցագործության հետքեր պարունակող, հանցագործությունը հայտնաբերելու, գործի փաստական հանգամանքները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու միջոց ծառայող, դեպքի վայրի զննություններով հայտնաբերված և վերցված ապացույցների կեղծելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել