Ազգային ժողովի պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը և Հովհաննես Հովհաննիսյանը նոր օրինագիծ են ներկայացրել ԱԺ։ Նախագծի ընդունման պարագայում նորավարտ ուսանողներ, ինչպես նաև այն անձինք, ովքեր ավարտելուց հետո 3 տարվա ընթացքում չեն կարողացել որեւէ պատեհ առիթով ձեռք բերել մասնագիտական աշխատանքային ստաժ, կարող են դիմել ոչ պետական հատվածի մասնագիտական կառույցներ եւ գրանցվելով որպես փորձնակ ձեռք բերել մասնագիտական աշխատանքային ստաժ: Իսկ գրանցող կազամակերպությունը կարող է անվճար հիմունքներով գրանցել դիմող փորձնակին եւ ներգրավել նրան իր մասնագիտական գործունեության աշխատանքներում:
Պատգամավորները այսպիսի հիմնավորում են ներկայացրել․ «Հայաստանի Հանրապետությունում ներկայումս մեծ խնդիր եղել եւ մնում է թե՛ գործատուների կողմից համապատասխան մասնագետներ գտնելու, թե՛ նորավարտ մասնագետների կողմից համապատասխան աշխատանք գտնելու հանգամանքը, քանի որ գործատուները շեշտադրում են մասնագիտական գործնական հմտություններ ունենալու չափանիշները, մինչդեռ դրան զուգահեռ նորավարտ մասնագետների մոտ խոչընդոտող գործոն է այդ չափանիշների բացակայությունը: Այսինքն, բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած մասնագետը, ում մոտ դեռեւս թարմ եւ նորարար է մասնագիտական տեսական գիտելիքները եւ ձգտումները եւ պատրաստ է ցածր վարձատրության դիմաց աշխատել՝ հիմանականում հնարավորություն չի ունենում ներգրավվելու մասնագիտական աշխատանքային գործընթացներում: Իսկ քանի որ գործատուների մեծ մասը հնարավոր ցածր փոխհատուցման դիմաց փնտրում է արդեն իսկ գործնական հմուտ մասնագետի, (որովհետեւ չի ցանկանում ժամանակ եւ ճիգ գործադրել մասնագետի պատրաստման համար) ուստի նորավարտ մասնագետները հնարավորություն չեն ունենում ձեռք բերելու համապատասխան աշխատանքը: Տվյալ պարագայում համապատասխան փորձ ունեցող մասնագետներն էլ գերադասում են աշխատել ավելի բարձր վարձատրվող մասնագիտական աշխատատեղերում:
2018 թվականից Քաղաքացիական ծառայության համակարգում կատարված բարեփոխումների արդյունքում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում ամրագրվեց փորձնակի ինստիտուտը, համաձայն որի՝ փորձնակը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի սահմանված կարգով համապատասխան մարմիններում աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գրանցված անձն է: Փորձնակ գրանցված ժամանակաշրջանը հաշվարկվում է որպես հանրային ծառայության ստաժ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար: Փորձնակ գրանցված ժամանակահատվածում աշխատանքների մասնակցության համար փորձնակը չի վարձատրվում: Փորձնակ գրանցելու եւ աշխատանքների մասնակցության առանձնահատկությունները սահմանված է ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 439-ն որոշմամբ: Ստացվում է, որ անձը կարող է պետական կառավարման մարմիններում գրանցվել որպես փորձնակ եւ այդ ստաժն օգտագործելով՝ զբաղեցնել մեկ տարվա հանրային ծառայության ստաժ պահանջող պաշտոն՝ օրինակ առաջատար ծառայողի պաշտոն: Այսինքն, պետությունը որոշ չափով հնարավորություն է տվել ստաժ չունեցող անձանց՝ օգտվել փորձնակի ինստիտուտից, ստաժ ձեռք բերել եւ համալրել հանրային ծառայության պաշտոնները (մասնագիտական պաշտոնների 3-րդ, 4-րդ եւ 5-րդ ենթախմբերի պաշտոններ): Նշենք, որ առաջատար հանրային ծառայողի պաշտոնի համար «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ մեկ տարվա հանրային ծառայության ստաժի չափանիշը հավասարեցված է 3 տարվա մասնագիտական ստաժին: Հետեւաբար, հաշվի առնելով, որ մասնագիտական աշխատանքային ստաժի ձեռքբերումը հնարավոր է նաեւ ոչ պետական հատվածում ըստ մասնագիտության գործունեության իրականացման՝ հետեւաբար առաջացել է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մտահղացումը:
Բարձրացված խնդրին լուծում տալու կապակցությամբ առաջարկվում է օրենսդրական նախաձեռնության կարգով լրացում կատարել Աշխատանքային օրենսգրքում, համաձայն որի՝ բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած անձն իր մասնագիտության համապատասխան կարող է դիմել ինչ-որ ոչ պետական կազմակերպություն (օրինակ՝ ՀԿ), գրանցվել որպես փորձնակ, գտնվել մասնագիտական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունում, հետեւել, կատարել մասնագիտական որոշակի գործառույթներ եւ վերջում ձեռք բերել իր կողմից սպասված մասնագիտական աշխատանքային ստաժը: Այս պարագայում համապատասխան կազմակերպությունն էլ շահագրգռված կլինի ընդունելու նորավարտ ուսանողին, քանի որ օրենսդրությամբ վճարելու պարտավորություն չի ունենա, (վճարումը՝ փոխհատուցումը, կարող է կատարվել կազմակերպության հայեցողությամբ) կներգրավի իր մասնագիտական գործունեության մեջ եւ ինչու չէ նաեւ իր համար կպատրաստի ստաժ ունեցող մասնագետ: Այս ամենի հետ միասին, լրացվող նորմում նախատեվում է նաեւ սահմանափակում, մասնավորապես փորձնակ գրանցող կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 10 աշխատակից, որպեսզի կարողանա գրանցել 1 փորձնակ: Այսինքն, սա արված է նրա համար, որ ամեն մի փոքր կազմակերպության չկարողանան դիմեն եւ նախաձեռնության առարկան ծառայի իր նպատակին, բացի դրանից շահագրգիռ կողմը հնարավորություն չունենա բացելու կազմակերպություն եւ գրանցելու փորձնակներ:
Այն հոդվածը, որում առաջարկվում է կատարել լրացումը՝ վերաբերվում է աշխատանքային ստաժի հասկացությանը, դրա տեսակների եւ առանձնահատկությունների սահմանմանը, հետեւաբար, հաշվի առնելով, որ մեր նախաձեռնության կարգավորման առարկան եւս աշխատանքային ստաժն է, մասնավորապես մասնագիտական աշխատանքային ստաժը, այդուհանդերձ լրացումը նախատեսվեց Աշխատանքային օրենսգրքի հենց 20-րդ հոդվածում»,-նշել են նրանք։