Քաղաքացին շարունակում է երեխայի առողջությունն ուղղակիորեն վտանգող իր գործողությունները. Պատկան մարմիններն արձագանքում են

Արմավիր քաղաքի բնակիչ Իշխան Միրզոյանի ծնողական իրավունքները սահմանափակվել են դատական կարգով՝ ելնելով նրա 7-ամյա դստեր  անվտանգության նկատառումներից:

Նախորդ տարվա ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բազմիցս ահազանգեր է ստացել մանկահասակ երեխայի ներգրավմամբ Կառավարության և մի շարք միջազգային կազմակերպությունների դիմաց բողոքի գործողություններ իրականացնող Իշխան Միրզոյանի վերաբերյալ: Դրանք դրսևորվել են կարճաժամկետ հացադուլերով, ձմռան ցրտին փողոցում կազմակերպված նստացույցերով և այլն: Քաղաքացին իր գործողություններում ներգրավել է նաև 7-ամյա դստերը՝ վտանգելով փոքրիկի առողջությունն ու կյանքը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բազմիցս փորձել է ոչ միայն սթափեցնել քաղաքացուն, այլև՝ սոցիալական աջակցություն ցուցաբերել՝ իր իրավասությունների շրջանակներում: Քաղաքացին 2017 թ. ապրիլից ընտանեկան նպաստ է ստանում:

Նշենք, որ 2012 թ. ծնված  երեխան ունի աչքի բնածին պտոզ, որը շտկելու համար վիրահատվել է Մալայան կենտրոնում՝ պետպատվերի շրջանակում:

Մտահոգվելով երեխայի առողջությամբ և անվտանգությամբ, չգտնելով հարցի լուծման այլ տարբերակներ, նախարարությունը նախաձեռնել և իրականացրել է քննարկում՝ ներգրավվելով ոստիկանության, միջազգային կազմակերպությունների, մարզպետարանի խնամակալության և հոգաբարձության մարմինների, Առողջապահության նախարարության, ՄԻՊ-ի, ինչպես նաև՝ եզդիական համայնքի ներկայացուցիչներին:

Քննարկման արդյունքում նախարարությունը հորդորել է Արմավիրի մարզպետարանի խնամակալության և հոգաբարձության մարմիններին՝ խնդիրը լուծել իրավական դաշտում: Դատարանի որոշմամբ՝ Իշխան Միրզոյանի ծնողական իրավունքները  սահմանափակվել են: Քաղաքացին զգուշացվել է, որ երեխայի կյանքին և անվտանգությանը սպառնացող կամ երեխայի շահարկմամբ իրականացվող որևէ գործողության հետևելու է երեխային խնամքի համապատասխան հաստատություն տեղափոխելը: ԱՍՀՆ-ը պատրաստ է հավուր պատշաճի իրականացնել երեխայի հետագա խնամքն ու պաշտպանությունը:

Քաղաքացին դեռևս անհաղորդ է այս հորդորներին և վերսկսել է երեխայի առողջությունն ուղղակիորեն վտանգող իր գործողությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել