Թանգարանում բացահայտված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ քննված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Ավարտվել է «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից յուրացման եղանակով առաձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու և պաշտոնեական կեղծիք  կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ «Լո­ռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ տնօրեն Ն. Ա.-ն նույն կազմա­կեր­պությունում տարբեր տարիներին հսկիչի, տեխնիկական աշխատողի, ֆոնդապահի հաստիքներին աշխատանքի է ընդունել իր մորը և ևս 5 անձանց, որոնք 2012-2018թթ. ընթացքում, տարբեր ժամանակահատվածներում, աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Տեղյակ լինելով այդ մասին՝ թանգարանի տնօրենը յուրաքանչյուր ամիս կազմել է բովան­դակությամբ կեղծ՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, որոնցում կեղծ տեղե­կու­թյուններ է ներառել բացակայության ժամանակահատվածներում հիշյալ աշխատակիցների կող­մից աշխատանքի հաճախելու և փաստացի իբր աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Ապա բովան­դակությամբ կեղծ այդ փաստաթղթերը նա վճար­­ման է ներկայացրել Լոռու մարզպետարան, որի արդյունքում վերոհիշյալ անձանց անվամբ, փաստացի բացակայած ժամանակահատվածների համար, որպես աշխատավարձ և պարգևավճար ան­հիմն դուրս են գրվել  աշխատավարձի՝ ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 7.789.741 ՀՀ դրամ գումարներ, որոնք Ն. Ա.-ի կողմից շարունակաբար հափշտակվել են վատնման և յուրացման եղանակով:

Բացի այդ, ՊՈԱԿ տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2016թ. հոկտեմբերից 2018թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում թանգարանի 3 աշխատակիցներին մոլորության մեջ գցելով հայտնել է՝ իբր աշխատանքի ընդունվելու համար անհրաժեշտ հաշվապահական փաստաթղթերը ձևակերպելու, թանգարանի ընթացիկ տնտեսական ծախսերը հոգալու համար անհրաժեշտ է վճարել գումար և սահմանված կարգի համաձայն վերջիններս պետք է տրամադրեն իրենց առաջին երկու ամիսների աշխատավարձերի գումարները: Ապա նրանցից նշված ժամանակահատվածում 4 անգամ իր աշխատասենյակում ստացել և խարդախությամբ հափշտակել է զգալի չափերով՝ 340.000 ՀՀ դրամ գումարը:

Նշված արարքները կատարելու համար Ն. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդ­վածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Մինչդատական վարույթի ընթացքում տնօրենն ամբողջությամբ վերականգնել է պետական կազմակերպությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 8 մլն ՀՀ դրամի  վնասը:

2019 թվականի մայիսի 31-ին վերը հիշատակված քրեական գործով նախաքննություն իրականացրած ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի կողմից ստացվել է քրական գործով մեղադրական եզրակացությունը, որը հաստատվել է գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործի հետ միասն ուղարկվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել