«Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, կատարվել է «Կոռուպցիայի դեմ պայքում բիզնեսի դերը. հայաստանյան իրականություն» հետազոտությունը:
Այն նպատակ է հետապնդել.
- բացահայտել հայաստանյան մասնավոր հատվածի վերաբերմունքը կոռուպցիայի նկատմամբ,
- հակակոռուպցիոն համապատասխանության գործելաոճի վերաբերյալ իրազեկվածությունը,
- հակակոռուպցիոն համապատասխանության ապահովման համար մասնավոր հատվածի կողմից իրականացվող ու իրականացվելիք հիմնական միջոցառումները:
Հարցումն անցկացվել է հայաստանյան ընկերությունների շրջանում 2018թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում: Հարցմանը մասնակցել են 188 կազմակերպություններ:
Կոռուպցիայի՝ ընկերությունների ընկալումը պարզելու համար հարցվողներին առաջարկվել է տալ կոռուպցիայի սեփական սահմանումը: Հարցի վերաբերյալ իրենց տեսակետն արտահայտել է հարցվողների գերակշիռ մեծամասնությունը՝ շուրջ 88%-ը: Հարցվողներն իրենց սահմանումներում կոռուպցիային մոտեցել են տարբեր տեսանկյուններից: Հետևաբար փորձ է կատարվել խմբավորել այդ սահմանումները: Միաժամանակ հարկ է նշել, որ ներկայացված խմբավորումը պայմանական է, քանի որ սահմանումներում հնարավոր է դիտարկել ներքևում նշված հատկանիշների համատեղումներ: Այս կամ այն խմբի մեջ սահմանման ներառումը հիմնականում պայմանավորվում է հարցվողների պատասխանում որոշակի հատկանիշի ընդգծվածության աստիճանով: Սահմանումների խմբերը հետևյալն են.
Խումբ 1. սահմանումներ, որոնցում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ կոռուպցիան պաշտոնական դիրքի չարաշահում է, և շեշտադրվում է շահերի բախման բաղկացուցիչը.
-
Կոռուպցիան իշխանության չարաշահումն է` անձնական և/կամ խմբային շահ/առավելություն ստանալու նպատակով և առավել մեծ մաշտաբի է հասնում, երբ դրա հնարավորությունը հատուկ (կանխամտացված) ներկառուցված է օրենսդրական և պետական համակարգերում:
-
Կոռուպցիան ծառայողական դիրքի չարաշահումն է անձնական նպատակներ իրագործելու համար:
-
Պետական կամ մասնավոր հատվածում անձի կողմից իր լիազորությունների և իրավունքների չարաշահում՝ ի շահ սեփական անձի:
Խումբ 2. աահմանումներ, որոնք որակում են երևույթը.
-
կոռուպցիան հանցագործություն է, չարիք,
-
պետության և ժողովրդի հանդեպ իրականացվող հակաօրինական գործողություն է կամ անգործություն,
-
անընդունելի արարք է և այլն:
Խումբ 3. սահմանումներ, որոնք կոռուպցիան դիտարկում են դրա հետևյալ դրսևորումներիտեսանկյունից.
-
կաշառակերություն,
-
հովանավորչություն,
-
պաշտոնական դիրքի, լիազորությունների կամ կապերի չարաշահում, պաշտոնական կեղծիք,
-
պաշտոնական դիրքի օգտագործմամբ պետական կամ կազմակերպության սեփականության յուրացում ու վատնում և այլն:
Խումբ 4. սահմանումներ, որոնք կոռուպցիայի էությունը բացահայտում են դրա հետևանքների տեսանկյունից.
-
խափանում է առաջընթացը, բիզնեսի զարգացումը,
-
խրախուսում է անբարեխիղճ ու ոչ արդար մրցակցությունը,
-
գործում է իրական բիզնեսի դեմ և քանդում երկրի անվտանգության հիմքերը,
-
կոռուպցիան պետականությունը թուլացնելու ու անարդար մրցակցության արտահայտումն է,
-
կոռուպցիան ողջ աշխարհում տնտեսական և սոցիալական զարգացման ամենամեծ խոչընդոտն է,
-
որտեղ իշխում է կոռուպցիան, ընկերությունները հակված չեն ներդրումներ կատարել, քանի որ գործարարությամբ զբաղվելու ծախսերը զգալիորեն ավելի մեծ են,
-
կոռուպցիան պետականության հիմքերը քայքայող, վստահության միջավայրը խաթարող հիվանդություն է և այլն:
Խումբ 5. աահմանումներ, որոնցում արտահայտվում է հարցվող ընկերության վերաբերմունքը կոռուպցիայի նկատմամբ կամ իրավիճակը ընկերությունում.
-
դեմ ենք կոռուպցիային,
-
մեր ընկերության քաղաքականության մեջ տեղ չկա կոռուպցիային,
-
Ընկերությունը հետևում է հակակոռուպցիոն օրենսդրության պահպանման և էթիկական վարքագծի սկզբունքներին բոլոր տեսակի գործնական հարաբերություններում՝ անկախ երկրից, որի տարածքում Ընկերությունը ծավալում է իր տնտեսական գործունեությունը և այլն:
Խումբ 6. հուզական սահմանումներ.
-
կոռուպցիան ուրիշի աշխատանքի յուրացում է, գողություն հասարակությունից,
-
կոռուպցիան մոլախոտ է, որից ազատվելու միակ միջոցը արմատախիլ անելն է, կոռուպցիան վատթարագույն զզվելի երևույթ է, կորչի կոռուպցիան,
-
կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ: Կոռուպցիան ՀՀ նախկին կառավարությունն է և այլն:
Առանձնակի ընդգծելու անհրաժեշտություն ունեն ներքոնշյալ սահմանումները, քանի որ դրանք կոռուպցիան դիտարկում են կայուն զարգացման հայեցակարգի տեսանկյունից և կարևորում ընկերությունների ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական դերակատարումը, այդ թվում՝ դրանց կողմից հակակոռուպցիոն դիրքորոշման որդեգրումը.
-
Կոռուպցիան ընկերությունների գործունեությունն է բացառապես տնտեսական շահի հետապնդմամբ:
-
Կոռուպցիան աշխատող ժողովրդին թալանելն է, ինչը խոչընդոտում է ապագա սերնդի զարգացմանը:
-
Արդի զարգացման ժամանակաշրջանում ոչ պակաս դերակատարություն ունի կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարը առևտրային կազմակերպությունների կողմից, որը լրացուցիչ զսպողական մեխանիզմների ներդրում է պահանջում հենց առևտրային կազմակերպությունների ներքին ակտերի միջոցով:
165 սահմանումներից ընդամենը մեկն է կոռուպցիան դիտարկել դրական լույսի ներքո և տվել հետևյալ ձևակերպումը. կոռուպցիան խնդիրների լուծման ամենաարագ ճանապարհն է: Եվ ընդամենը մեկ սահմանում ունի վատատեսական հնչերանգ. կոռուպցիան արմատախիլ անել չի լինի, քանի որ այն գալիս է անհիշելի ժամանակներից, և դեռևս ոչ մի երկրի չի հաջողվել այդ չարիքից ազատվել:
Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի պաշտոնական տեսակետը։