Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը մայիսի 30-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը, որ կազմում էին ԵԽ Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը, ԵԽ Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, ԵԽ Արդարադատության և իրավական համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերը, ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոն, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և ԵԽ Քաղաքական հարցերով տնօրինության խորհրդական Մաքսիմ Լոնգանգը, հայտնում են ՀՀ Սահմանադրական դատարանից:
Ողջունելով ԵԽ բարձրաստիճան պատվիրակության անդամներին՝ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կարևորել է նրանց այցը Հայաստան՝ դատաիրավական համակարգում սպասվող փոփոխությունների այս պատասխանատու ժամանակաշրջանում:
Կողմերը երկուստեք կարևորել են, որ դատաիրավական համակարգի բարեփոխումները պետք է իրականացվեն ՀՀ Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան:
Նշենք, որ ԵԽ պատվիրակության այցի նպատակն է քննարկել արդարադատության համակարգի անկախությունը և բարեվարքությունը, արդար դատաքննության իրավունքի հանդեպ հարգանքը, կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաև ապօրինաբար ձեռք բերված ակտիվների վերադարձը: