ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկարամյա արդյունավետ մասնագիտական գործունեության համար պարգևատրել է փաստաբան Միշա Փիլիպոսյանին «Աշխատանքային վաստակի համար» մեդալով:
Նշենք, որ օրեր առաջ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով միջնորդել պարգևատրել Միշա Հայկազի Փիլիպոսյանին ։
«Հանրապետության տոնին» ընդառաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է վաստակավոր փաստաբանին։
Միշա Հայկազի Փիլիպոսյանը ծնվել է 1938 թվականի հուլիսի 11-ին Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Մաստարա գյուղում:
Փաստաբանությամբ սկսել է զբաղվել 1968 թվականից՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո, իսկ 1972 թվականին նշանակվել է Շահումյանի շրջանի իրավաբանական կոնսուլտացիայի վարիչ: Երկար տարիներ եղել է Հայաստանի Հանրապետություն փաստաբանների կոլեգիայի նախագահության անդամ:
1992-1996 թվականներին ընտրվել է Կոլեգիայի նախագահության նախագահի առաջին տեղակալ, իսկ 1996 թվականից նախագահել է Կոլեգիայի նախագահությունը:
1999 թվականի մարտի 7-ին Հայաստանի Հանրապետություն փաստաբանների միության հիմնադիր ժողովում ընտրվել է Հայաստանի Հանրապետություն փաստաբանների միության առաջին նախագահ:
2003 թվականի մարտի 1-ին վերընտրվել է Հայաստանի Հանրապետություն փաստաբանների միության նախագահ:
2005-2009 թվականներին ղեկավարել է Հայաստանի Հանրապետություն փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը:
2009-2011 թվականներին աշխատել է որպես հանրային պաշտպան:
Միշա Փիլիփոսյանը համարվում է ամենաերկար փաստաբանական ստաժ (1968-2019թթ.-51 տարի) ունեցող փաստաբանը, ինչպես նաև փաստաբանական միությունում և միության իրավահաջորդ փաստաբանների պալատում ամենաերկար աշխատանքային ստաժ ունեցած փաստաբանը՝ 1972-2011թթ. (39 տարի):