Չհայտարարված այցի ժամանակ կալանավորված անձը բարձրացրել է սրտի հետ կապված խնդիրներ․ ՄԻՊ

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել հացադուլ հայտարարած 2 անձի և մի շարք այլ ազատազրկվածների հետ:

Ապրիլի 30-ից հացադուլի մեջ գտնվող կալանավորված անձը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ ունի սրտի հետ կապված առողջական խնդիրներ, սակայն չի դիմել քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմին: Այս հարցը քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Կալանավորին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, որտեղ էլ իրականացվել են անհրաժեշտ հետազոտությունները:

Հացադուլ հայտարարած մեկ այլ կալանավորված անձ նշել է, որ ունի լյարդի հետ կապված առողջական խնդիր: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնից պարզաբանվել է, որ առաջիկայում նախատեսված է իրականացնել հետազոտություն:

Ազատությունից զրկված անձանց ներկայացվել  են հացադուլի բացասական հետևանքներն իրենց առողջական վիճակի վրա:

Առանձնազրույցների ժամանակ ազատությունից զրկված անձինք բարձրացրել են նաև պահման պայմաններին առնչվող հարցեր, որոնք Կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակներում մշտապես գտնվում են Պաշտպանի հսկողության տակ և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դրանց հնարավորինս արագ լուծում տալու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել