Ո՞վ է էդ ժապավենն այդտեղ կապել, ինչու՞ է նոր այգում արձան կոտրվում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ Կոտայքի մարզի վարչական տարածքում գտնվող Դ. Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» և Խ. Հակոբյանի «Արձագանք» արձանների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և փորձաքննության նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Մշակույթի նախարարությանը կհատկացվի 9 մլն 144 հազար դրամ:

Որոշումն ընդունվեց այսօր՝ մայիսի 30-ին կայացած կառավարության հերթական նիստի ժամանակ:

Դավիթ Բեջանյանի հեղինակած «Ճանապարհաշինարարներին» արձանը (1978 թ., ունի նորահայտ հուշարձանի կարգավիճակ), և Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» արձանը, որոնք տեղադրված ենք եղել Երևան-Սևան միջպետական ճանապարհին, բնակլիմայական պայմանների և հատկապես մշակութային վանդալիզմի արդյունքում խիստ վնասվել են: Տարիների ընթացքում արձանների արտաքին տեսքն ամբողջությամբ խաթարվել է, մետաղական հատվածները թալանվել են. վերջնական կորստից փրկելու համար երկու արձաններն էլ տեղափոխվել են հատուկ պահպանության տարածք:

Կառավարության ղեկավարը կարևորել է հանրապետությունում արձանների, հուշարձանների վերականգնումը. «Ես շատ կարևոր և սկզբունքային եմ համարում այս արձանների, հուշարձանների վերականգնումը: Ընդհանրապես, կարծում եմ, որ ՀՀ-ում պետք է լինեն և պետք է վերականգնվեն այն կարևոր սիմվոլները, որոնք խորհրդանշում են ստեղծարար կյանքը Հայաստանի Հանրապետությունում: Ես, օրինակ, ամեն անգամ երբ անցնում եմ այդ ճանապարհը և Չարենցավանի բարձունքի վրա տեսնում եմ այդ կմախքը, դա մեր պրոբլեմների սիմվոլն է: Մենք պետք է այն անպայման վերականգնենք»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև այն տարածքներում ոստիկանական պահակետ ունենալու հարցի կարևորությունը: «Այս նախագծերի շրջանակներում մենք անպայման պետք է նախագծենք, որ այդտեղ պետք է ոստիկանական պահակետ լինի, որովհետև ուզում եմ հիշեցնել, որ այդ արձանը, եթե չեմ սխալվում, մի անգամ այս ընթացքում վերականգնվել է, և շատ արագ թալանվել է բոլորիս աչքի առաջ: Նախագծերի մեջ անպայման պետք է հաշվի առնել ոստիկանական պահակետի տեղադրումը տարածքում: Կարծում եմ, որ նաև կոնկերտ «Ճանապարհաշինարարներ» արձանն այն ստեղծագործություններից է, որը շատ մեծ զբոսաշրջային հետարքրություն է ներկայացնում: Եվ, իսկապես, ՀՀ-ում եղած ստեղծարար կյանքի կարևորագույն սինվոլներից մեկն է, և պետք է այս աշխատանքները կազմակերպել հնարավորինս արագ և որակով»,-նշել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետն անդրադարձել է նաև Երևանում Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին և նշել, որ ինքը համապատասխան մարմինների ուշադրությունն է հրավիրել արձանի կից սյուների վրայի սալիկների խնդրին՝ ընդգծելով, որ դրանք պետք է կարգի բերվեն։ Նա նաև հանձնարարել է Մյասնիկյանի արձանի մոտից հանել հնացած, տգեղ ժապավենները և արձանից պոկվող քարերի հարցն արագ լուծել։ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև նորաբաց այգում արձաններից մեկի կոտրման մասին և հետաքրքրվել, թե ինչու այդ արձանը ջարդողը դեռ հայտնաբերված չէ։ Փոխոստիկանապետ Վլադիմիր Մովսիսյանը տեղեկացրել է, որ տեսախցիկների նկարահանումների արդյունքում այդ անձը պարզված է, սակայն այս երկու օրվա ընթացքում նրան դեռևս չեն հայտնաբերել։ Վարչապետը հանձնարարել է արագ հայտնաբերել այդ անձին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել