Աշախատավարձերի բարձրացումը, հուսով ենք, ավելի շոշափելի կնկատվի նաև մասնավոր հատվածում. Նիկոլ Փաշինյան

Մայիսի 27-ին Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ապրիլ ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները, և պետք է արձանագրել, որ առաջին չորս ամսվա տվյալներով Հայաստանում տնտեսական իրավիճակի զարգացումը տեղի է ունենում դրական և լավատեսական դինամիկայով: Անդրադառնալով տնտեսական ցուցանիշներին՝ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինայնը՝ մայիսի 30-ին կայացած կառավարության նիստի ժամանակ:

  «Ըստ հրապարակված տվյալների՝ ապրիլին ունենք 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Եվ եթե այս ցուցանիշը համադրում ենք առաջին եռամսյակի արդեն ամփոփված տվյալների հետ, համախառն ներքին արդյունքի 7.1 տոկոս աճ են ունենում: Սա մեզ հիմք է տալիս ասելու, որ տնտեսությունն ունի լավ տրամադրություն, և մեր խնդիրն է, ինչպես և նախանշել ենք, հասցեական ճշգրիտ կապիտալ ծախսերի միջոցով խթանել այդ լավ տրամադրությունը և, ի վերջո, կարողանալ ավելի լավ ցուցանիշների հասնել:

Ուզում եմ մի քանի կարևոր ցուցանիշներ ընդգծել: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13.2 տոկոսով: Շինարարության ոլորտում, իհարկե, աճն ավելի քիչ է, քան մենք սպասում էինք կամ ցանկանում ենք, բայց համոզված եմ, որ այս ցուցանիշները կլավանան: Ինչու եմ համոզված, որովհետև հիպոթեկային շուկայում տիրող իրավիճակն անխուսափելիորեն բերելու է այդ արդյունքի: Մենք հիմա, կարծում եմ, ճիշտ քաղաքականություն ենք վարում, երբ շինարարական նախագծերը կամ հիպոթեկային ծրագրերը չենք կապում կոնկրետ շինարարի և կոնկրետ ծրագրի հետ: Այսինքն՝ մենք շուկան թողնում ենք ինքնակարգավորման դաշտում և բնակարանների պահանջարկի ավելացմանը զուգընթաց, համոզված եմ, որ շինարարության ոլորտում ակտիվությունը շատ ավելի շոշափելի կլինի, չնայած առաջին եռամսյակում այդ շոշափելի տեղաշարժերը մենք, այնուամենայնիվ, որոշակի տեսել ենք: Առևտրի շրջանառությունն ավելացել է 9 տոկոսով, ծառայությունների ծավալն ավելացել է 16.2 տոկոսով: Անկեղծ ասած, այս ցուցանիշների մեջ ամենաուրախալի ցուցանիշներից մեկը արտահանման ծավալների աճն է: Երևի մեկ ամիս առաջ մենք աշխատանքային քննարկում ունեցանք ինձ մոտ արտահանման իրավիճակի հետ կապված որոշակի մտահոգիչ միտումներ կային: Մանրամասն քննարկեցինք իրավիճակը, և ուրախ եմ, որ ապրիլին արդեն 9.9 տոկոսի աճ ենք մենք արձանագրել: Նաև միջին անվանական ամսական աշխատավարձերի աճի որոշակի դրական դինամիկա ունենք, և կարծում եմ՝ այս դինամիկան, առաջիկայում սպասվող և կանխատեսվող, այսինքն հայտարարված որոշումների համատեքստում ավելի դրական կդառնա: Եվ մենք հույս ունենք նաև, որ կառավարության վարած քաղաքականության արդյունքում աշխատավարձի աճի այս դինամիկան կնկատվի ավելի շոշափելի նաև մասնավոր հատվածում: Եվ սա պետք է առաջիկա ժամանակաշրջանի համար լինի մեր առանցքային խնդիրներից մեկը»,-ասել է կառավարության ղեկավարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել