Հոգեբուժարան տեղավորելու և պահելու հետ կապված՝ երեխաների և անգործունակ չափահասների կարծիքը հաշվի չի առնվում․ ՄԻՊ-ը դիմել է Սահմանադրական դատարան

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան երեխաների և անգործունակ չափահասների բուժման հարցերում վերջիններիս կարծիքը հաշվի չառնելու սահմանադրականությունը վիճարկելու համար։

Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի հիմքում ընկած են հոգեբուժարաններում Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման այցերի ընթացքում արձանագրված խնդիրները, Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքների քննարկման արդյունքները, ինչպես նաև միջազգային առաջադեմ փորձն ու օրենսդրական խնդիրները։

Հարցն այն է, որ ՀՀ գործող օրենսդրությամբ անձի օրինական ներկայացուցչի համաձայնությունն արդեն իսկ համարվում է բավարար պայման երեխաների և անգործունակ չափահասների հոգեբուժական օգնության, այդ թվում՝ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու համար։

Արդյունքում, խախտվում են լսված լինելու և իրազեկված համաձայնությունը տալու նրանց իրավունքները։

Ավելին, օրենսդրական թերի կարգավորումների պատճառով պրակտիկայում հաճախակի են այն դեպքերը, երբ հոգենուժարանում կամավոր բուժվող են համարվում այն անձինք, ովքեր այնտեղ պահվում այն հիմքով, որ առկա է իրենց օրինական ներկայացուցիչների համաձայնությունը:

Այս դեպքերում, սակայն, փաստացի նրանք պահվում և բուժվում են իրենց կամքին հակառակ, այսինքն՝ հարկադրաբար՝ դրանով իսկ մեխանիկորեն զրկվելով դատարանում հարկադիր բուժման հարցը բարձրացնելու հնարավորությունից։

Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը կարևոր է նաև նրանով, որ վիճարկվող կարգավորումների անկատարությունը վտանգում է իրավունքների իրացման սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների և անգործունակ չափահասների ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, անձնական ազատության և մի շարք այլ հիմնարար իրավունքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել