Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին այդ երկրի ազգային տոնի՝ Վրաստանի պետական անկախության վերականգնման օրվա առթիվ:
«Դարերի ընթացքում հայ-վրացական հարաբերությունները զարգացել են մեր ժողովուրդների եղբայրական կապերի և պատմական ու մշակութային ընդհանրությունների հիման վրա: Գոհունակությամբ ուզում եմ ընդգծել, որ այսօր ձևավորված միջպետական հարաբերություններն այս ամենի ուղղակի արտացոլանքն են»,– նշել է Հանրապետության նախագահը։
Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման երաշխիք են։
Հանրապետության նախագահը Սալոմե Զուրաբիշվիլիին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ վրացի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։