ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է բժշկական փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպք:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Այդ առթիվ 2019թ. մայիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) և 376-րդ հոդվածի 1-ին մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) ՀՀ ՊՆ Աբովյանի ՌՈ բաժնում հարուցվել է քրեական գործ: Վերջնիս շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի՝ 2000 թվականին ծնված մի բնակիչ:
Մայիսի 20-ին քրեական գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործը վերցվել է հետաքննության մարմնից և հանձնվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնին` նախաքննություն կատարելու նպատակով, որը նույն օրն ընդունվել է վարույթ:
Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա մայիսի 20-ին. Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել Գ.Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ այն բանի համար, որ 2016թ. կցագրված լինելով Կոտայքի զինկոմիսարիատում՝ քննությամբ չպարզված ժամանակում և հանգամանքներում, դեռևս ինքնությունը չպարզված անձից օգտագործելու նպատակով ձեռք է բերել մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա կատարելու վերաբերյալ հետազոտման կեղծված ակտի պատճենը, որում առկա է եղել իր առողջական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող ախտորոշումներով եզրակացություն: Ապա, հաստատապես իմանալով, որ այն հանդիսանում է կեղծ փաստաթուղթ, նախ ներկայացրել է զինկոմիսարիատ, այնուհետև կենտրոնական բժշկական հանձնաժողովին և փաստաթղթեր կեղծելու ճանապարհով ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի՝ հաշվառվել պահեստազորում՝ այդ կերպ խուսափելով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից:
Գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ցուցում է տրվել Գ.Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք առաջադրելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան դիմելու մասին:
Դատախազի ցուցումի պահանջների կատարման շրջանակներում մայիսի 21-ին Գ.Ա.-ին նշված հոդվածով առաջադրվել է մեղադրանք: Նույն օրը քննիչի կողմից միջնորդություն է հարուցվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նրա նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ, քննչական և այլ դատավարական գործողություններ ինչպես գործի լրիվ հանգամանքները բացահայտելու, այնպես էլ հանցանք կատարած մյուս անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: