Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը դպրոցական Վերջին զանգի առթիվ.
«Սիրելի՛ շրջանավարտներ,
Այսօր դուք ավարտում եք դպրոցը: Ձեր աչքերում հուզմունք ու ոգևորություն կա, անհամբերություն և առաջ շարժվելու վճռականություն: Մի պահ թվում է, թե դուրս եք գալիս բաց տիեզերք, որտեղ ազատությունն անչափելի է, իսկ անսահմանությունը՝ անծայրածիր: Բայց, միևնույն ժամանակ, բոլորդ շատ լավ հասկանում եք, որ շարունակում եք քայլել կյանքի ճանապարհով, որտեղ ձեզ սպասում են բազմաթիվ մարտահրավերներ, փորձություններ եւ հնարավորություններ: Դպրոցն այդ ճանապարհի կարևորագույն հանգրվանն է:
Կյանքի այդ հիշարժան հատվածը դուք անցել եք ինքնահաստատվելով ու սովորելով, սիրելով ու երազելով, աչքի առաջ ունենալով ձեր վաղվա օրը, վաղվա աշխատանքը, վաղվա ընտանիքը, վաղվա հայրենիքը: Այսօր դուք հասել եք մի կետի, որից սկսած՝ ավելի գործնական պետք է մասնակցեք այդ ամենի կերտմանը՝ մտածելով, ստեղծելով, աշխատելով:
Աշխարհն արագորեն փոփոխվում է՝ նաև ձեր միջամտությամբ ու ձեր շնորհիվ: Մրցակցությունից դուրս չմնալու համար անհրաժեշտ է անդադար կրթվել, զինվել գիտելիքներով, զարգացնել երևակայությունը, առաջարկել գաղափարներ, դրանք իրագործել, անհրաժեշտ է խիզախել, ոգևորվել ու հաղթել:
Դուք կարո՛ղ եք և պե՛տք է դարձնեք Հայաստանն ավելի մրցունակ և ավելի բարեկեցիկ երկիր: Մեծ է ձեր ուսուցիչների ու ծնողների ներդրումը,և դուք պետք է անպայման մասնակից դառնաք առաջավոր երկրին վայել արժեքներ ստեղծելուն:
Սիրելինե՛րս,
Այսօր հնչող զանգը ձեզ կոչում է նոր մեկնարկի ու թռիչքի: Վստահ եղեք՝ ձեր մտքի և հոգու թռիչքը կարո՛ղ եք վերածել նյութեղեն ու հոգևոր հզոր արժեքների, որոնք կծառայեն մեր հայրենիքին, ժողովրդին, ամբողջ մարդկությանը:
Մաղթում եմ ձեզ առողջություն, անսահման երևակայություն և հաջողություն, սեր ու երջանկություն»,-նշված է ուղերձում: