Քննարկվել է Հանրային խորհրդի հանձնաժողովների առաջիկա ամիսների գործունեությունը և խորհրդի լիագումար նիստերի օրակարգը ձևավորելու հարցը։
Հստակեցվել են այն հարցերը, որոնք հանձնաժողովները նախատեսում են քննարկել ամառվա ամիսների ընթացքում և այն խնդիրները, որոնք առավել հրատապ քննարկման կարիք ունեն։
Ըստ հանձնաժողովների նախագահների ներկայացրած տեղեկատվության՝ համապատասխան հանձնաժողովներում կազմակերպվելու են քննարկումներ անցումային արդարադատության, վեթթինգի, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական և սահմանադրական բարեփոխումների, միգրացիոն և ժողովրդագրական հարցերի, ջրային ռեսուրսների կառավարման, ջրամբարաշինության, Ամուլսարի հանքավայրի շահագործման, շրջակա միջավայրի աղտոտվածության և բնակչության առողջության վրա դրա ազդեցության, քաղավիացիայի, քաղաքային երթևեկության և քաղաքային տրանսպորտի, գյուղատնտեսական ոլորտում և սպառողական շուկայում առկա խնդիրների, հասարակության մեջ անհանդուրժողականության և լարվածության դրսևորումների և այլ հարցերի վերաբերյալ։
Հանձնաժողովներում քննարկվելուց հետո վերոնշյալ հարցերը համապատասխան եզրակացություններով կներկայացվեն Հանրային խորհուրդ՝ ներառվելու լիագումար նիստերի օրակարգում։
Փոքր խորհրդի նիստին անդրադարձ է եղել նաև Հանրային խորհրդի մայիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ նիստի հաղորդագրության առնչությամբ խորհրդի մի քանի անդամների անհամաձայնությանը։
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է թյուրընկալումներից և սուբյեկտիվ մոտեցումներից խուսափելու նպատակով այսուհետև խորհրդի լիագումար նիստերն ամբողջությամբ հասանելի դարձնել հասարակությանը (ուղիղ հեռարձակումների, լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցության և այլ միջոցներով)։