Ինչպես բազմաթիվ երկրներում, այնպես էլ Հայաստանում Ամանորի կապակցությամբ ընդունված է միմյանց նվերներ նվիրել: Որպես կանոն, անկախ այդ նվերի չափից և արժեքից, նվիրատվության գրավոր պայմանագիր չի կնքվում: Իսկ ի՞նչ կարգավորում է նախատեսում ՀՀ օրենսդրությունը այս առումով:
Նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կա’մ իրեն, կա’մ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է, կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից:
Գույքի կամ իրավունքի հանդիպական հանձնման կամ հանդիպական պարտավորության առկայության դեպքում պայմանագիրը նվիրատվություն չի համարվում:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ «Նվիրատվության պայմանագիրը կնքվում է գրավոր:
Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման»:
Արդյո՞ք այս նորմից բխում է, որ նվիրատվության պայմանագրերը պարտադիր պետք է կնքվեն գրավոր:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 297-րդ հոդվածի համաձայն՝ «Հասարակ գրավոր ձևը չի պահանջվում այն գործարքների համար, որոնք, քաղաքացիական օրենսգրքի 295 հոդվածի համաձայն, կարող են կնքվել բանավոր»:
Իսկ 295-րդ հոդվածի համաձայն՝ «Բանավոր կարող են կնքվել կնքման պահին կատարվող բոլոր գործարքները, բացառությամբ այն գործարքների, որոնց համար սահմանված է նոտարական ձև, և այն գործարքների, որոնց հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրանց անվավերության, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ»:
Տվյալ պարագայում նվիրատվության պայմանագրի կնքումը կարգավորող՝ ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ ամրագրված նորմերը չեն նախատեսում նվիրատվության պայմանագրի անվավերություն՝ գրավոր ձևը չպահպանելու համար: Հետևաբար կնքման պահին կատարվող նվիրատվության գործարքները, բացառությամբ այն գործարքների, որոնց համար սահմանված է նոտարական ձև, կարող են կնքվել բանավոր: