Տղամարդը բյուրեղապակյա վազայով մի քանի անգամ հարվածել է 71-ամյա կնոջ գլխին. կինը ձևացրել է, թե ուշագնաց է եղել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է ավազակային հարձակման դեպքի և բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 47-ամյա տղամարդուն:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. հունվարի 17-ին տղամարդը, ներկայանալով իբրև սոցիալական ծառայության աշխատակից, խաբեությամբ  ապօրինի մուտք է գործել Աբովյան քաղաքի՝ 1947թ. ծնված բնակչուհու բնակարան, որպես նպաստառու՝ վերջինիս անվճար գազի կաթսա տրամադրելու պատրվակով պահանջել նրա՝ նպաստառու հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերը:

Այդ ընթացքում օգտվելով 71-ամյա կնոջ բացակայությունից՝ տղամարդը փնտրել է ոսկյա զարդեր և գումար, սակայն ոչինչ չի գտել, բայց նկատել է կնոջ ձեռքի ոսկյա մատանին: Այն հափշտակելու դիտավորությամբ, կնոջ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` բյուրեղապակյա վազայով մի քանի անգամ հարվածել է վերջինիս գլխի շրջանին` պահանջելով ոսկյա մատանին: Կինը, վախեցած իր կյանքի և առողջության համար սպառնացող ոտնձգությունից, ձևացրել է, թե, իբր, ուշագնաց է եղել, որից հետո տղամարդը հանել է նրա ձեռքի ոսկյա մատանին  և դիմել փախուստի:

Քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են նույն անձի կողմից կատարված բնակարանային գողությունների այլ դեպքեր ևս: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերջինս ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, այցելելով միայնակ բնակվող կենսաթոշակառուների բնակարաններ և ներկայանալով որպես սոցիալական ծառայության աշխատակից՝ խաբեությամբ ապօրինի մուտք է գործել վերջիններիս բնակարաններ և օգտվելով տանտիրուհիների անուշադրությունից՝ հափշտակել է գումարներ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (6 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել