Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարած այց են իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ և ուսումնասիրել հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց պահման պայմանները:
Նրանց պնդմամբ՝ հացադուլը պայմանավորված է բացառապես դատարաններում քննվող քրեական գործերով, որոնց միջամտելը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունից դուրս է: Դա պարզաբանվել է նաև հացադուլի մեջ գտնվող անձանց:
Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հերթական առանձնազրույցն են ունեցել ապրիլի 15-ից հացադուլի մեջ գտնվող և հացադուլի ընթացքում որոշակի պարբերականությամբ ջրադուլ իրականացնող Արկադի Պապյանի հետ:
Պաշտպանի հանձնարարությամբ Արկադի Պապյանի հետ առանձնազրույցները տեղի են ունենում «Նուբարաշեն» ՔԿՀ բոլոր այցերի ընթացքում: Ուսումնասիրվում են նրա պահման պայմաններն ու բժշկական փաստաթղթերը: Այցերի արդյունքներով պայմանավորված և նկատի ունենալով, որ մայիսի 7-ի այցի ժամանակ արձանագրվել է Արկադի Պապյանը գիտակցության կորստի դեպք՝ համապատասխան հարցադրումներով գրություններ են հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն: Բարձրացվել են հացադուլով պայմանավորված Արկադի Պապյանի առողջական վիճակի դինամիկայի, բժշկական մշտական հսկողության, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական հավելյալ աշխատանքների կատարման վերաբերյալ հարցեր:
Մայիսի 21-ին կատարված վերջին այցի դրությամբ արձանագրվել է, որ Ա. Պապյանի գիտակցությունը պարզ է, կողմնորոշումը՝ բավարար, հարցերին պատասխանում է հստակ, իր ինքնազգացողությունը գնահատում է բավարար: Բժշկական փաստաթղթերի ուսումնասիրմամբ՝ արձանագրվել է քաշի կորուստ:
Հացադուլ հայտարարած ևս մեկ անձ գանգատվել է պարբերաբար ուշագնացուցություններից, որը, ըստ նրա, պայմանավորված է իր հիվանդությամբ: Հարցն անմիջապես քննարկվել է քրեակատարողական հիմնարկի բժիշկների հետ և պայմանավորվածություն է ձեռբ բերվել հնարավորին չափ արագ իրականացնել անհրաժեշտ բժշկական հետազոտություններ և կազմակերպել համապատասխան բժշկակական խորհրդատվություն:
Չհայտարարված այցերի ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն ազատությունից զրկման վայրում հացադուլ իրականացնող անձանց մշտապես տեղեկացնում են հացադուլի բացասական հետևանքների մասին, սակայն պետք է նկատի ունենալ, որ հացադուլը կալանավորված անձի կամ դատապարտյալի իրավունքն է, և որևէ մեկն իրավունք չունի հարկադրելու կամ ստիպելու դադարեցնել հացադուլը։ Ընդ որում, ըստ գործող օրենսդրության՝ հացադուլը գիտակցված շարունակող անձի բժշկական զննությունը և հարկադիր կերակրումն արգելվում է:
Ազատությունից զրկման վայրերում պահվող բոլոր անձանց՝ հացադուլով պայմանավորված առկա խնդիրները մշտապես գտնվում են Պաշտպանի ուշադրության կենտրոնում: