Հայաստանի կառավարությունը մայիսի 16-ին հաստատեց 2019-2023 թվականների իր գործունեության միջոցառումների ծրագիրը, որից առանձնացնենք «կադաստրային պարտավորությունները»։ Այսպես, 2023 թվականի դեկտեմբերին պետք է ամբողջովին գործարկվի Ինտեգրված կադաստրը, իսկ անշարժ գույքի կադաստրը նույն ժամկետում պետք է ամբողջովին առցանց, ինքնաշխատ և անթուղթ դառնա։
Այս մասին հայտնում են կոմիտեի մամուլի ծառայությունից:
Ըստ նույն ծրագրի, 2021 թվականի դեկտեմբերին պետք է գործարկվեն հասցեների միասնական ռեգիստրը և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգը։ Մինչև 2023 թվականի նոյեմբեր պետք է ավարտվի երկրի գյուղատնտեսական նշանակության հողերի գույքագրումը, պետք է ուղղված լինեն կադաստրային քարտեզներում առկա անճշտությունները։
2021 թվականի դեկտեմբերին պետք է ավարտվի Պետական գեոդեզիական (GNSS) ցանցի արդիականացումը, նույն ժամկետում պետք է ստեղծվի աշխարհագրական անվանումների առցանց քարտադարանը, 2023-ի դեկտեմբերին՝ Հայաստանի ազգային նոր ատլասը։ 2020 թվականի մարտ ամսին պետք է սահմանվեն Հանրապե-տության հողային ֆոնդի ըստ նպատակային նշանակության հողերի կադաստրա¬յին գները, ապա տարեկան մեկ անգամ պետք է կազմվի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվություն (հողային հաշվեկշիռ)։