Դատական օրենսգրքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ հիմնադիր, կուսակցությունում պաշտոն զբաղեցնել, կուսակցության անունից ելույթներ ունենալ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Դատավորը հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:
Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դատավորը կարող է մասնակցել միայն որպես ընտրող: Դատավորը չի կարող հրապարակայնորեն որևէ թեկնածուի, կուսակցության, կուսակցության դաշինքի օգտին կամ նրան դեմ արտահայտվել կամ այլ կերպ մասնակցել նախընտրական քարոզչությանը:
Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մասնագիտական քննարկումները կամ եզրակացությունները, դատական իշխանության գործունեության վերաբերյալ քննարկումների ժամանակ արտահայտած կարծիքները և հայտարարությունները, այդ թվում` հրապարակային, ապաքաղաքականացվածության սկզբունքի խախտում չեն համարվում: