13-ամյա աղջկա հղիության մասին պատմող տեսանյութի մասին Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հայտարարությունը

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հայտարարությունը՝ տարածել 13-ամյա աղջկա հղիության մասին պատմող տեսանյութի տարածման վերաբերյալ, որում ասվում է.

«Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ, սոցիալական հարթակներ տարածել էին 13-ամյա անչափահաս աղջկա հղիության ու հնարավոր բռնաբարության մասին պատմող տեսանյութը, որում խախտվել է երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը: Տեսանյութի հեղինակ 5-րդ ալիք հեռուստաընկերությունն արդեն իսկ հեռացրել է իր հարթակից ռեպորտաժի տեսանյութը, սակայն այն հասցրել է տարածվել մի շարք յութուբյան օգտատերերի կողմից:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում զերծ մնալ երեխաների անձնական տվյալների անհարկի ու ոչ իրավաչափ մշակումից, երեխաների անձնական տվյալներ հրապարակելիս մշտապես առաջնորդվել երեխայի լավագույն շահի սկզբունքով: Լրատվամիջոցները, մշակելով երեխայի անձնական տվյալները, պետք է մշտապես հիշեն հնարավոր այն վտանգների մասին, որ կարող է պարունակել այդ տվյալների հրապարակումը երեխայի հոգեկան, ֆիզիկական առողջության համար։

Քանի որ տեսանյութի հեղինակ հեռուստաընկերությունն արդեն իսկ հեռացրել է այն իր էջից, հորդորում ենք առանձին սոցիալական հարթակներին ու յութուբյան օգտատերերին ևս հեռացնել այն իրենց էջերից: Հետայսու նման խնդիրներից խուսափելու և երեխաների անձնական տվյալների հետ առնչվելիս խախտումներից զերծ մնալու համար առաջարկում ենք ծանոթանալ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության մշակած ուղեցույցին՝ երեխաների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ (http://moj.am/…/001.Ughecuyc-erexaneri_andznakan_tvyalner.p…)»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել