Փաստաբանների պալատի խորհրդի հայտարարությունը՝ վարչապետի կոչի վերաբերյալ․ պալատը հրատապ նիստ է անցկացրել

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդն իր ամբողջ կազմով, մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Հրանտ Անանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Տիգրան Խուրշուդյանի, Հարություն Հարությունյանի, Նելլի Հարությունյանի, Արայիկ Ղազարյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի և Գայանե Դեմիրչյանի,

19.05.2019թ․ հրատապ նիստ է անցկացրել և միաձայն ՈՐՈՇԵԼ Է ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ` ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ԱՅՆՊԻՍԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՏԱՆԳԵԼ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԴԻՏԱՐԿՎԵԼ ՈՐՊԵՍ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ:

Փաստաբանների պալատի խորհրդի հայտարարության տեքստում նշվել է՝

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 19.05.2019թ․ ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել հասարակության անդամներին՝ հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակել: Այս կոչը լայնորեն տարածվել է էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցներով:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն այդ առիթով իր անհանգստությունն է հայտնում հաշվի առնելով այն, որ կոչի իրագործման դեպքում կխախտվեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի և օրենքների պահանջները:

Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդվածը սահմանում է, որ արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները և արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:

ՄԱԿ-ի 06.09.1985թ․՝ «Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքներ»-ի 1-ին և 7-րդ կետերի համաձայն՝
– դատական մարմինների անկախությունը երաշխավորվում է պետության կողմից և հաստատվում է Սահմանադրությունում կամ երկրի օրենքներում: Բոլոր պետական և այլ հիմնարկները պարտավոր են հարգել և պահպանել դատական մարմինների անկախությունը․

– յուրաքանչյուր անդամ պետություն պարտավոր է համապատասխան պայմաններ ստեղծել` դատական մարմիններին հնարավորություն տալով իրենց պարտականությունները կատարել պատշաճ կերպով:

ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը:

Ժամանակակից իրավական պետության (որպիսին հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը) մեխանիզմը գործում է պետական իշխանության 3 ինքնուրույն թևերի՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքներով: Իշխանությունների կառուցակարգային բաժանումը պահանջում է, որ օրենսդիրը և գործադիրը իրավունք չունենան միջամտել կամ ներխուժել արդարադատության իրականացման ոլորտ։

Վարչապետը ներկայացնում է պետության թևերից մեկը՝ գործադիր իշխանությունը: Հետևաբար, վարչապետի կոչի հիման վրա դատարանների գործունեության փաստացի խոչընդոտումը կամ դատական իշխանության գործելու փաստացի սահմանափակումները վտանգում են դատական իշխանության անկախությունը:

Այս մոտեցումը ՀՀ փաստաբանների պալատին անհանգստացնում է նաև այն տեսակետից, որ դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակող և նմանատիպ գործողությունները կարող են համընդհանուր կաշկանդող ազդեցություն ունենալ դատական համակարգի անկախության նկատմամբ: Որպես հետևանք, դատավորները հակված են լինելու հրաժարվել գործադիր իշխանությանն անհաճո օրինական դատական ակտեր կայացնելուց՝ անցումային արդարադատության կամ նմանատիպ գործողությունների վտանգ կանխազգալով, ինչն ուղղակիորեն կխոցի պետության իրավական անվտանգությունը:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը պատրաստ է աջակցել վարչապետի կամ իրավասու այլ պաշտոնատար անձի ցանկացած այն նախաձեռնությանը, որն ուղղված կլինի դատական համակարգից կոռուպցիան վերացնելուն, նոր կամ նախկին պաշտոնատար անձանց ապօրինի ազդեցությունը վերացնելուն, համակարգը որակյալ կադրերով համալրելուն և արդարադատության որակը բարելավելու այլ գործողություններին:»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել