Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
««hayeli.am» կայքը այսօր առավոտյան լուր է հրապարակել այն մասին, թե Գառնիկ Իսագուլյանը հեռախոսազանգեր է ստացել, որտեղ հնչել են սպառնալիքներ Իսագուլյանի ու իր ընտանիքի հասցեին: Չնայած այն փաստին, որ հրապարակման մեջ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ առնչություն ունեցող որևէ մեկի և առհասարակ որևէ կոնկրետ անձի վերաբերյալ որևէ տվյալ չկա, նյութի վերնագրում, ըստ էության, մատներից հոտ քաշելով, նշվել է, թե «Գլխավոր դատախազի մարդիկ գիշերն ահաբեկել են Գառնիկ Իսագուլյանին»:
Հարկ եմ համարում տեղեկացնել, որ սպառնալիքներ ստանալու վերաբերյալ Գառնիկ Իսագուլյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որին պատշաճ ընթացք կտրվի:
Լրատվամիջոցների գործընկերներիս խնդրում եմ զերծ մնալ հետագայում որևէ փաստարկվածություն չունեցող պնդումների վրա կառուցված վերնագրային մանիպուլյատիվ ծուղակներն ընկնելուց և չանել ոչ արժանահավատ, խիստ ժամանակավրեպ հետևություններ.»: