Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը հայտարարություն և լուսանկարներ էր տարածել՝ Երևանի կենտրոնում նոր կրպակի տեղադրման աշխատանանքրի վերաբերյալ՝ նշելով, որ նախկին իշխանությունների գործելաոճը շարունակվում է:
«Բնակիչների ահազանգով եկել եմ Իսահակյան-Աբովյան խաչմերուկ, որտեղ տեղադրվում է ոչ ավել, ոչ պակաս նոր կրպակ։ Բուռն շինարարությունն ընթացքի մեջ է։ Աշխատակիցների փոխանցմամբ սեփականատերն այստեղ չէ և, բնականաբար, կոնտակտ չունեն, բայց վստահեցրեցին, որ քաղաքապետարանից թույլտվություն ունեն։
Սա, առնվազն, խայտառակություն է։ Ինչի՞ մասին էին խոսում քաղաքային իշխանություններ մինչև ընտրվելը և ի՞նչ են անում ընտրվելուց հետո։
Դուք չէի՞ք, որ քաղաքն ազատագրում էիք։ Դուք չէի՞ք, որ պայքար էիք տանում «բուտկաների» դեմ»,-նշել է նա:
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ավելի ուշ հայտարարություն է տարածել.
«Աբովյան փողոցում՝ Օղակաձեւ զբոսայգու հատվածում տեղադրված տաղավարի սեփականատերը տուգանվել է 200 000 դրամով:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը տուգանքը կիրառել է ՎԻՎ օրենսգրքի 154 հոդվածի համաձայն (շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցելը)»: