Երկու ընկեր ապօրինի թմրաշրջանառությամբ են զբաղվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի մի շարք հանգամանքներ:  Մեղադրանք է առաջադրվել Աբովյան քաղաքի երկու բնակչի:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Աբովյան քաղաքի երկու բնակիչ, ովքեր ընկերներ են՝ ծնված 1975 և 1981թթ., զբաղվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ:

Մասնավորապես, նրանցից մեկը՝ ծնված 1975թ., իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից  2.27 գրամը ապօրինի իրացրել է: Բացի այդ, 43-ամյա տղամարդը առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափերով՝ 7,67 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:  Իսկ վերջինիս ընկերը՝ ծնված 1981թ.,  առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել, պահել և փոխադրել զգալի չափի «Մեթադոն» տեսակի՝ ընդհանուրը 0,08 գրամ քաշով 2 հատ հաբ և խոշոր չափի՝ 41,97 գրամ, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Քրեական գործով իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ, որոնց արդյունքում Աբովյան քաղաքի 37-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 0,75 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, 2 հատ դեղնականաչավուն զանգված՝ համապատասխանաբար 0,92 և 0,74 գրամ քաշով, 1,16 գրամ քաշով շագանակագույն զանգված, իսկ նրա կողմից վարած «Լեքսուս-470» մակնիշի ավտոմեքենայից՝  33 հատ դեղնականաչավուն զանգվածներով առանձին փաթեթներ, երկու հատ «Մեթադոն-04» գրառմամբ դեղահաբ:

Իսկ Աբովյան քաղաքի 43-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն կանեփանման 2 զանգված՝ 1,31 և 1,37 գրամ քաշով, 3 հատ դեղնականաչավուն գույնի կանեփանման զանգված՝ 1,34, 1,32 և 1, 30 գրամ քաշով, ինչպես նաև՝ 2 փաթեթ՝ դեղնականաչավուն գույնի կանեփանման զանգվածով՝ համապատասխանաբար 0,75 և 0,28 գրամ քաշով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով  և 268-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վերջինիս ընկերոջը՝ 37-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշանակվել են դատաքիմիական, դատատոքսիկոքիմիական, դատանարկոլոգիական և դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը պարզելու, ինչպես նաև՝ նշված անձանցից թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերած հնարավոր այլ անձանց  ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել