Չորս ամսում բացահայտվել է հանցագործության դեպքերով պետությանը պատճառված 22 միլիարդ 400 միլիոն դրամի վնաս

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2019թ. 4 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերի, արձանագրված պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը, որի արդյունքում պարզվել է, որ.

2019թ. 4 ամիսների ընթացքում բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցվել է 295 քրեական գործ, որոնցով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 22.399.524.499 ՀՀ դրամ: Նշված գործերից 9.089.267.645 դրամի պատճառված վնասը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի, 1.697.800.000 դրամը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, իսկ մնացածը՝ 11.611.062.838 դրամը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված կամ քննվող գործերի նախաքննությամբ: Վերջինի մեջ ընդգրկված է նաև «Ծաղկաձորի ճոպանուղու» պետական միջոցներով կառուցելու, այն ՀՀ ՀԱՕԿ-ին հանձնելու գործընթացում, հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի ժամանակ և այլ ոլորտներում թույլ տրված առերևույթ չարաշահումներով պետությանը ընդհանուր մոտ 2 մլրդ ՀՀ դրամ վնաս հասցնելու փաստերով ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրությունների արդյունքում հարուցված քրեական գործերով արձանագրված վնասը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Բացահայտված ընդհանուր վնասից 2019թ. 4 ամիսների ընթացքում վերականգնվել է 1.902.212.059 ՀՀ դրամը, իսկ շուրջ 203.598.250 դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այն է՝ այդ չափով առկա անշարժ և շարժական գույքի, արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով: Նշված գործերից 967.904 դրամը վերականգնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության, 1.655.800.000 դրամը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, իսկ մնացածը՝ 243.944.155 դրամը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված կամ քննվող գործերի նախաքննությամբ:

Բացի այդ, ՀՀ ՊԵԿ քննչական վարչության վարույթում 2019թ 4 ամիսների ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ (կանխամտածված սնանկությունը) և 205-րդ (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հոդվածների հատկանիշներով հարուցված 72 և նախկինում կասեցված և վարույթը վերսկսված 20 քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 16181500895 ՀՀ դրամ, որից վերականգնվել է  2.088.877.687 ՀՀ դրամը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել