Կադաստրի կոմիտեի տվյալների բազայում սուբյեկտների նույնականացման գործը նոր թափ կստանա. կներգրավվի ևս 30 աշխատակից

Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում քննարկվեց սուբյեկտների նույնականացման աշխատանքի ընթացքը, որը թափով սկսվել է մոտ երկու ամիս առաջ և, Կոմիտեն, ըստ իր հնգամյա ծրագրի, պարտավոր է ավելի քան 1 միլիոն 600 հազար գործերի նույնականացումն ամբողջովին ավարտել հաջորդ տարվա դեկտեմբերին։ Վայոց ձորի մարզի տվյալների նույնականացման ավելի քան 85 տոկոսն արդեն արել է ռեգիստրների՝ հատուկ այդ նպատակով ստեղծված թիմը։ Սկսվել է Արագածոտնի մարզի վերաբերյալ տվյալների ճշգրտումը։

Այս մասին հայտնում ե կադաստրի կոմիտեից:

Ծրագրում հարցը կոչվում է՝ տեքստային տվյալների բազայում սուբյեկտների ճշգրտում և ամբողջականացում։ Այս հարցում Կոմիտեի աջակիցներն են՝ տարածքային կառավարման և զարգացման, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ՀՀ ոստիկանությունը։ Կարևոր աղբյուր է հատկապես համայնքներից ստացվող տեղեկատվությունը։

Այս դեպքում ի′նչ է նշանակում՝ նույնականացում։ Պարզ ասած՝ գրանցված անշարժ գույքն ամբողջովին նույնականցվում է դրա սեփականատիրոջ (սեփականատերերի) հետ, սեփականատերը (սեփականատերերը)՝ գույքի։ Նպատակն այս ոլորտում առկա որոշակի խառնաշփոթը վերացնելն է, որպեսզի ոչ ճիշտ համընկնումներ, թերի և ոչ իրական տվյալներ չլինեն կադաստրային տվյալներում, և ստեղծվի հարթակ, որից հանրային մարմինները, մասնավոր անձիք ու կազմակերպությունները կկարողանան ճշգրիտ տեղեկանք ստանալ։

Խորհրդակցության մասնակիցները՝ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, տեղակալներ Աշոտ Մուսայանը և Լևոն Մելիքյանը, խորհրդական Արամ Կարախանյանը, գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանը, գույքի գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանը, «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման ղեկավար Կարեն Գրիգորյանը, միասնական ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանը և տեղակալ Մարտին Սեդրակյանը, ընդհանուր հայտարարի եկան, որ անհրաժեշտ է և հնարավոր՝ բավական աշխատատար ու պատասխանատու այս գործին կցել ևս 30 աշխատակից ու ամբողջ թիմին հատկացնել ևս 40 համակարգիչ։

«Մնում է որոշել՝ ումով և ինչով»,- ամփոփելով կատակեց Սարհատ Պետրոսյանը՝ նկատի ունենալով նոր աշխատակիցներ ընդունելու և համակարգիչներ ձեռք բերելու գործընթացները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել