Արցախի «Անկախության Սերունդ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Վերջին օրերին Արցախի և Մայր Հայաստանի իշխանությունների միջև նույնիսկ անզեն աչքով նկատելի խզումը մտահոգիչ է և հղի անկանխատեսելի հետևանքներով:
Չկան Հայաստանի ու Արցախի ժողովուրդներ, կա հայ ժողովուրդ, որը ինչպես միասնական էր Արցախը թշնամու ճիրաններից փրկելու օրհասական պայքարում՝ իբրև փրկագին զոհաբերելով ազգի սերուցքը, այնպես էլ միասնական պայքարելու է մինչև վերջնական հաղթանակի ազդարարումը:
Չկա Արցախ առանց Հայաստանի, և չկա Հայաստան առանց Արցախի, կամ ինչպես քաջազուն Լեոնիդ Ազգալդյանը կասեր՝ Սա Հայաստան է և վերջ:
Եվ վերջ, հարգելի իշխանավորներ, անկախ ձեր անձնական ամբիցիաներից, գրաված դիրքից, թե բարձրագույն կոչումներից, սա Հայաստան է և վերջ:
Մենք դատապարտում ենք յուրաքանչյուր անխոհեմ քայլ, ինչը վնաս է հասցնում մեր միասնականությանը, դատապարտում ենք Մայր Հայրենիքում մեծամասնության վստահությանը արժանացած վարչապետի հանդեպ հեգնանքի ու արհամարհանքի յուրաքանչյուր դրսևորում, դատապարտում ենք հայերին ղարաբաղցիների ու հայաստանցիների տարանջատելու ցանկացած փորձ:
Խորապես ափսոսում ենք, որ և Հայաստանում, և Արցախում քաղաքական որոշ գործիչներ այդպես էլ մնացին ինքնահաստատման փուլում:
Մենք միաժամանակ մեր աջակցությունն ենք հայտնում Մայր Հայսսատանում տեղի ունեցող այն բոլոր գործընթացներին, որոնք ուղղված են հզոր և լուսավոր միասնական հայրենիքի կառուցմանը:
«Անկախության Սերունդ» կուսակցություն
«Արցախյան Զարթոնք» նախաձեռնող խումբ
Արցախի հանրապետական կուսակցություն
Արցախի Հանրապետության Աֆղանստանի պատերազմի վետերաների միություն
«Բեկում» կուսակցության նախաձեռնող խումբ
«Ինքնություն և միասնություն» կուսակցություն
«Միացյալ Հայաստան» կուսակցություն
«Միացյալ Հայաստան» հայրենասիրական ՀԿ
«Ռամկավար Ազատական» կուսակցություն
«Սասնա ծռեր» կուսակցություն»: