Այսօր՝ մայիսի 16-ին, կառավարությունը որշում ընդունեց, որի համաձայն գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքները այդ աշխատանքը կատարելու պատճառով չեն զրկվի սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունից:
Նախագիծը գործադիրի անդամներին ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 15-ի նիստի N ԱՔ/35 N 7 արձանագրության 4-րդ և ՀՀ վարչապետի փետրվարի 19-ի N 02/04.2/7794-2019 հանձնարարականի 4-րդ կետերի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Մասնավորապես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել է՝ հաշվի առնելով գյուղատնտեսական սեզոնային աշխատանքի առաջիկա ժամանակաշրջանի սկիզբը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և շահագրգիռ այլ մարմինների հետ համատեղ մշակել գործուն մեխանիզմ սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում ընտանեկան կամ սոցիալական նպաստից քաղաքացիներին չզրկելու ուղղությամբ։ Անհրաժեշտության դեպքում ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել օրենսդրական կարգավորման առաջարկություն։
Նշենք, որ Կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման (այսուհետ` Որոշում) N 2 հավելվածով հաստատված է ընտանիքների անապահովության գնահատման կարգը, համաձայն որի ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման համար օգտագործվում են մի շարք բնութագրիչներ:
Որոշման N 3 հավելվածով հաստատված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու (փաստագրվելու) կարգը:
Չնայած այն հանգամանքին, որ որոշմամբ, հաշվի առնելով գյուղատնտեսական աշխատանքների սեզոնային բնույթը, արդեն իսկ առկա են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվող ընտանիքների անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամտի հաշվարկման մի շարք առանձնահատկություններ` այնուհանդերձ գյուղատնտեսական սեզոյանին աշխատանք կատարող անձանց (ընտանիքների) այդ աշխատանքի պատճառով ընտանեկան կամ սոցիալական նպաստից չզրկելու հիմքերը կարիք ունեն վերանայման:
Այս իսկ պատճառով առաջարկվեց համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել որոշման մեջ, համաձայն որոնց ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման համար օգտագործվող բնութագրիչները կլրացվեն նոր «գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձ» սոցիալական խմբով և կսահմանվեն դրա կիրառման առանձնահատկությունները։
Հավելենք, որ նախագծով, առկա իրավակարգավորումներին զուգահեռ, ներդրվում է նաև նոր մեխանիզմ` գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձանց ընտանիքներին այդ աշխատանքի պատճառով ընտանեկան կամ սոցիալական նպաստից չզրկելու վերաբերյալ: