Ինչի՞ հետ կապված է առաջին դասարանցիների էլեկտրոնային գրանցման առցանց համակարգի անհասանելիությունը. պարզաբանում է փոխնախարարը

Կառավարության հերթական նիստին կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանն անդրադարձավ երեկվանից գործարկված՝ առաջին դասարանցիների էլեկտրոնային գրանցման առցանց համակարգին, որն այժմ փորձնական կարգով մեկնարկել է Երևանում:

«Կանխատեսվում է այս տարի՝ 2019-20 ուստարվա համար ունենալ շուրջ 13000 առաջին դասարանցի: Տեղերը նախատեսված են 14000-ը: Այսօր՝ 10:45-ի դրությամբ առցանց համակարգում արդեն հայտագրված է 9321 երեխա: Տեխնիկական խնդիր ունենք շուրջ 100 եչեաների հետ կապված, որը կապված է նրանով, որ երեկ առավոտյան 9:10-ից մինչև 9:25 խնդիր է եղել ծանրաբեռնվածության մասով և այդ տեխնիկական խնդիրը բերել է նրան, որ ամբողջ համակարգով հնարավոր չի եղել գրանցում իրականացնել: Տեխնիկական խնդիրներն արագ հարթվել են»,-նշեց նա:

Փոխնախարարի խոսքով, այսօրվա դրությամբ կանխատեսվող առաջին դասարանցիների 70-80 տոկոսն արդեն հայտագրվել է:

«Մենք ունենք դպրոցներ, որտեղ 9:10-ի դրությամբ բոլոր դպրոցներն արդեն լցված են եղել: Կան դպրոցներ, որ դեռ մինչև 4 տեղ ունեն և մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ տեխնիկական խնդիրների հետ կապված բողոք ներկայացրած անձանց շուրջ 80 տոկոսը մեկ դպրոցի մասով է»,-նշեց Արևիկ Անափիոսյանը:

Նա նշեց նաև, որ այս համակարգը թույլ է տալիս խուսափել խնամի-ծանոթ-բարեկամների միջոցով այս կամ այն դպրոցի որևէ դասարան ընդունելու խնդրից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել