ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 34-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2019 թվականի մայիսի 14-ին` ժամը 18:45-ին, «Ռ.Հարությունյանի անվան Աբովյան ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի և որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի՝ 1984 թվականին ծնված բնակիչը և հայտնել, որ իրեն դանակահարել են:
Դեպքի առթիվ 2019 թվականի մայիսի 14-ին ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 34-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ՝ ծնված 1986 թվականին. վերջինս ձերբակալվել է:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատահետաքաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: