Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Մարտի 1»-ի գործով գործով առանձնացված Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ ներկայացված միջնորդության քննությունը:
2-րդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը շարունակեց անդրադառնալ մեղադրանքի առանձին դրվագների հիմնավորվածությանը: Նա նշեց, որ 2008 թվականին հայտարարված արտակարգ դրությունը վերաբերել է ոչ թե ՀՀ-ին, այլ Երևան քաղաքին: «Անգամ, եթե մեղադրանքի մեջ նշված գործողությունները կատարված լինեին, միևնույն է դրանք չեն համապատասխանում 300.1 հոդվածին: Վերջերս ՍԴ-ն գտել է, որ Վճռաբեկ դատարանը խախտում է կատարել Ռոբերտ Քոչարյանի գործով: Եթե դա այդպես դիտարկենք, ապա Վճռաբեկ դառարանի քրեական պալատի դատավորներին պետք է 300.1 հոդվածը առաջադրեն, բացի 1 դատավորից»,-նշեց նա:
Փաստաբանը նաև հավելեց, որ մեղադրանքում նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանն ամեն գնով փորձել է իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին: «Նշվում է, որ վերջինս այդ օրերին խորհրդակցություն է անցկացրել և հրահանգել է զորքերը բերել մարտական պատրաստվածության: Այս մեղադրական եզրակացություն գրողները կարծում են, որ փետրվարի 24-ից Երևանում արտակարգ դրություն է հայտարարվել: Փետրվարի 23-ին և դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը չէր կարող նման խորհրդակցություն անցկացնել կամ մտադրություն ունենար իշխանությունը փոխանցելու Սերժ Սարգսյանին, քանի որ Սերժ Սարգսյանը ընտրվել էր ՀՀ նախագահ»,-ասաց Հայկ Ալումյանը:
Մեղադրանքի այս դրույթը, ըստ պաշտպանի, կազմված է Արշակ Կարապետյանի ցուցմունքների հիման վրա, ով այն ժամանակ ծառայում էր ՀՀ ԶՈՒ կազմում:
Նշենք, որ Արշակ Կարապետյանը այժմ զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնը:
Դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց Արշակ Կարապետյանի ցուցմունքի հրապարակման դեմ, իսկ Երևանի դատախազ Գևորգ Բաղդաարյանը նշեց, որ դատական նիստը հրապարակային է, իսկ այդ ցուցմունքները գաղտնիք են պարունակում:
Դատախազ Պետրոս Պետրոսյանի խոսքով՝ «Անթույլատրելի է, որպեսզի Արշակ Կարապետյանի ցուցմունքից թեկուզ հատվածներ հրապարկվեն, քանի որ վկան դեռ դատաքննության ընթացքում վկայություն չի տվել»:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:
Սրանից բացի իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։
Ռոբերտ Քոչարյանի նկտամամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: