Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական առաջին նիստին լուսանկարելն ու տեսաձայնագրելն արգելվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այժմ ընթանում է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և  նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Նրանք նիստին ներկա են:

Նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը դատարանին առարկություն ներկայացրեց թույլատրել նիստը լուսանկարել և տեսաձայնագրել: Նա միջնորդություն ներկայացրեց նիստը թույլատրել միայն ձայնագրել:

«Քանի որ երկար ժամանակ է մեր պաշտպանյալը գտնվել է անազատության մեջ և հաշվի առնելով առողջական վիճակը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել ենք, նաև տեղեկանք է այսօր տրամադրվել: Զուտ այսօրվա կայանալիք դատական նիստի տեսաձայնագրման վերաբերյալ կխնդրեինք, որ լրատվամիջոցները դուրս գայի, իսկ եթե անգամ ուղիղ եթեր պետք է հեռարձակվի, ապա միայն ձայնը»,- ասաց Արսեն Մկրտչյանը:

Նա նշեց, որ դատարանում նաև բժիշկ է հերթապահում, նշված ժամերին նրան բուժօգնություն տրամադրելու համար:

Նա խոստացավ, որ հետագայում նիստի մանրամասները կներկայացվեն և նշեց, որ սա նախատեսվում միայն այս՝ առաջին նիստի համար:

Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել