Արդարադատության նախարարությունն առաջարկում է հունիսին նշել հանրային ծառայողի մասնագիտական տոնը

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայողի օրը նշելու մասին և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է հունիսի 23-ը սահմանել որպես հանրային ծառայողի մասնագիտական տոն՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում մի շարք հանրային ծառայողների կողմից իրենց հիմնադրման կամ դրանց համար խորհրդանշական համարվող օրերը պաշտոնապես նշվում են որպես այդ կառույցների աշխատողների մասնագիտական տոն: Մասնավորապես, ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանվել են  Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ իրավիճակների աշխատողի օրը՝ սեպտեմբերի 4-ին, դատախազության աշխատողի օրը՝ հուլիսի 1-ին, հարկադիր կատարողի օրը՝ մայիսի 5-ին, քննչական կոմիտեի ծառայողի օրը՝ հոկտեմբերի 8-ին, ոստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, քրեակատարողական ծառայողի օրը՝ հոկտեմբերի 19-ին  և այլն:

«Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Ղազախստանում, որպես հանրային ծառայողի օր նշվում է հունիսի 23-ը: Ուստի, հաշվի առնելով վերոնշյալը և ուսումնասիրելով միջազգային փորձը՝ կարծում ենք, որ նպատակահարմար է միավորել Հայաստանի Հանրապետության կառավարության այդ բոլոր որոշումները մեկ միասնական որոշման մեջ, որի հիման վրա որպես  հանրային ծառայողի օր կհայտարարվի հունիսի 23-ը»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել