ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարություն է տարածել․ «Ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ իր կողմից (և ոչ էլ՝ իր մասնակցությամբ կամ լիազորմամբ), որևիցե վայրում, ներառյալ՝ Շիրակի մարզում, չի իրականացնում քաղաքացիներին և նրանց անձնագրերը լուսանկարելու և դրա դիմաց դրամական միջոցներ բաժանելու գործողություններ, ինչպես նկարագրված է ֆեյսբուքյան առանձին օգտատերերի տարածած գրառումներում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ին վերագրվող տեղեկություններն ամբողջովին սուտ և կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը, ապատեղեկացնում են հանրությանը և, ըստ էության, հանդիսանում են զրպարտություն:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն կապ է հաստատել գրառման հեղինակի հետ, և վերջինս բանավոր պարզաբանել է, որ կատարել է գրառումը բացառապես հասարակությանն ու իրավապահներին տեղի ունեցող երևույթների մասին տեղեկացնելու նպատակով, և որ իր գրառման մեջ նա նշում է, որ գործողությունները կատարվում են «Վիվասելի կողմից բարեգործության անվան տակ», այլ ոչ թե որ դրանք կատարվում են Վիվասելի կողմից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետամուտ է լինելու պաշտպանելու է իր բարի համբավն ու հեղինակությունը՝ օրենքի ամբողջ ուժով ու խստությամբ:
Միևնույն ժամանակ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը դիմում է ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia՝ վերը նշված տեղեկություններն ու դրանց աղբյուրները պարզելու խնդրանքով»,-նշված է մամուլի հաղորդագրության մեջ: