Ժամկետները հետաձգելը լավ պրակտիկա չէ. Նիկոլ Փաշինյանը՝ Արտակ Զենալյանին

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Մասնավորապես՝ վերջինս նպատակն է բարձրացնել Կարմիր գրքում գրանցված կրիտիկական վիճակում գտնվող կատվազգիների ընտանիքին պատկանող կովկասյան ընձառյուծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում պատճառված վնասի սակագինը։ Բնապահպանության նախարարությունը 2019 թ.-ը հայտարարել է կովկասյան ընձառյուծի պահպանության տարի՝ նպատակ ունենալով վեհաժողովների, ֆիլմերի, ցուցահանդեսների կազմակերպման միջոցով բարձրացնել հասարակության իրազեկվածությունը: Օրինագծերով հնարավորություն է ընձեռնվում բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարների մի մասն ուղղորդել համապատասխան տարածքների՝ այդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքների առավել լավ պահպանությանն ու վերականգնմանը: Փաթեթում ներառված մյուս օրինագծերով նախատեսվել են ավելի խիստ պատիժներ և պատասխանատվություններ՝ անտառային տարածքներում, ինչպես հատումներն արգելված ծառերը, թփերը, ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակները հատելու կամ ոչնչացնելու, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելու կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելու համար: Բացի այդ, նախագծերի ընդունմամբ կստեղծվեն շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված անհրաժեշտ պատժիչ քաղաքականության նախադրյալներ՝ ապահովելով էկոլոգիական բացասական հետևանքների դեմ պայքարի քառաստիճան համակարգի կետերից յուրաքանչյուրի իրականացումը:

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առաջարկել է հանդես գալ 3-5 տարով որսն արգելող օրենսդրական նախաձեռնությամբ, ինչի շուրջ քննարկում է ծավալվել կառավարության նիստում: Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Պետք է ուշադիր ուսումնասիրենք ոլորտը և բազմակողմանի նայենք խնդրին: Գիտեք՝ այսօր ամբողջ աշխարհում բնապահպանական հարցերն օրակարգի առաջին հորիզոնականներում են, եթե ոչ առաջինը: Հիմա մենք պետք է հասկանանք, որ այս առումով ունենք բացառիկ հարստություն, բայց, ցավոք, այդ բացառիկ հարստության մեծ մասը կամ առնվազն մի հսկա մասը գտնվում է ոչնչացման եզրին: Մենք պետք է կարողանանք մեր բոլորիս վերաբերմունքն այդ իրավիճակի նկատմամբ փոխել»: Կառավարության ղեկավարը հանձնարարել է բնապահպանության նախարարին՝ առաջարկը դարձնել մանրակրկիտ քննարկման առարկա և ներկայացնել խնդրի լուծման արդյունավետ լուծումներ: Նիկոլ Փաշինյանը համակարծիք է եղել բնապահպանության նախարարի հետ այն առումով, որ այստեղ մշակութաբանական, և ընդհանրապես, կենդանիների նկատմամբ վերաբերմունքի խնդիր կա:

Հավանություն է տրվել նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծով առաջարկվում է 1 տարով հետաձգել նորմատիվ իրավական ակտերը միասնական կայքում հրապարակելու ժամկետի պահանջը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ժամկետների հետաձգման դեպքերին, նշել է. «Բոլոր գերատեսչություններն իրենց ոլորտի ժամկետները պետք է ուսումնասիրեն: Ժամկետները հետաձգելը լավ պրակտիկա չէ: Ուսումնասիրեք հատուկ՝ բոլոր նախարարությունները, բոլոր գերատեսչությունները, թե որտեղ ինչ օրենսդրական կարգավորում կա, որտեղ ժամկետներ են դրված, և տեղավորվեք ժամկետների մեջ»:

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել մի շարք օրինագծերի, մասնավորապես՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի, «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել