Խախտումներ «Վարդաշեն» ՔԿՀ-ում. Պաշտպանի ներկայացուցիչները մշտադիտարկում են իրականացրել հատուկ սարքերի օգտագործմամբ

Մայիսի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ) ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Մշտադիտարկման շրջանակում ստուգվել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը, պահման պայմանները և դրանց համապատասխանությունը պահանջվող չափանիշներին:

Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, բժիշկներ, և հոգեբան, այն իրականացվել է հատուկ մեթոդաբանությամբ և հատուկ չափիչ սարքերի օգտագործմամբ (տարածություն, ջերմություն և այլն):

Այցի ընթացքում թիրախային և մանրակրկիտ ուսումնասիրության առարկա են դարձել քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները՝ ըստ ուղղիչ հիմնարկի տեսակների, ներառյալ՝ սանհանգույցները և լոգասենյակները, սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման վիճակը, բժշկական սպասարկման և առհասարակ քրեակատարողական ծառայողների հաստիքների բավարարությունը և նրանց աշխատանքային պայմանները, դատապարտյալների արտաքին աշխարհի հետ կապին և վերասոցիալականացմանն առնչվող հարցերը:

Այցի արդյունքում արձանագրվել են հետևյալ խնդիրները.

  • ազատությունից զրկված անձանց անձնական բավարար տարածության ապահովման հետ կապված խախտումներ, մասնավորապես՝ որոշ խցերում ապահովված չէ յուրաքանչյուր անձի համար սահմանված 4 քմ տարածքը,
  • ոչ բավարար սանիտարահիգիենիկ պայմաններ,
  • հիմնարկի շենքային անբավարար պայմաններ. առկա է վերանորոգման անհրաժեշտություն,
  • իրարից առանձնացված չեն պատժախցերն ու կարանտինային բաժանմունքը, ինչպես նաև արձանագրվել են նշված խցերի սանիտարահիգիենիկ անբավարար պայմաններ,
  • պատշաճ չի ապահովվում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնությունը,
  • արձանագրվել են դեղերի և բժշկական գաղտնիքի պահպանման պահանջների խախտումներ,
  • վերասոցիալականացման, կրթական պարբերական և համակարգված միջոցառումների բացակայություն,
  • հոգեբանի աշխատանքը հստակ կազմակերպված չէ, անընդունելի է դատապարտյալների անհատական ուղղման ծրագրերի վարման պրակտիկան, առկա են ձևական նշումներ, իսկ հոգեբանին տրամադրված չէ անհրաժեշտ գործիքակազմ,
  • հայոց լեզվին չտիրապետող օտարերկրյա ազատությունից զրկված անձինք ունեն հաղորդակցման դժվարություններ, որը խոչընդոտում է նրանց պատշաճ բժշկական օգնության և մի շարք այլ իրավունքների իրացմանը՝ քրեակատարողական ծառայողների այդ լեզվին չտիրապետելու պատճառով,
  • առկա չեն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների համար աշխատանքի բավարար պայմաններ, այդ թվում՝ կապված քրեակատարողական հիմնարկում աշխատասենյակների բացակայության, իսկ առկայության դեպքում՝ դրանց վերանորոգման անհրաժեշտության, սանհանգույցների հասանելիության, աշխատակիցների համար ճաշարանի կամ սննդից օգտվելու հնարավորության բացակայության, ինչպես նաև աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումների սակավության կամ բացակայության հետ:

Վեր հանված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:

Մշտադիտարկումների ընթացքում կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչների համար աշխատանքի խոչընդոտներ չեն ստեղծվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել