Կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել նախկինում ընդունված որոշումներից մեկում՝ սահմանելով ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողներին և երկարամյա ծառայության կամ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողներին բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց ֆինանսական աջակցության հատկացման ընթացակարգը և չափերը: Որոշմամբ սահմանվել են նաև շահառուների և նախարարության միջև կնքվող պայմանագրի և բնակարանի գնման վկայագրի ձևերը: Հաշվի առնելով նաև տարիներով բնակարանային ապահովության համար հաշվառված և ապահովություն չստացած անձանց քանակը և պետության կողմից այդ ապահովության իրացման հնարավորությունները՝ սահմանվել են անհատույց ֆինանսական աջակցության չափերը: Ընդ որում, Երևան քաղաքի համար նախատեսվել է ըստ եռամսյակի Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրամադրվող՝ Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 50 տոկոսը, քանի որ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բնակարանների միջին շուկայական արժեքներն արհեստականորեն բարձր են առաջնային շուկայում (նորակառույց շենքեր) և Կենտրոն վարչական տարածքում ձևավորված գների պատճառով, իսկ նախատեսվող չափը սկզբունքորեն բավարար է երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու համար: Արդյունքում նախատեսվում է մինչև 2020 թ. առաջնային լուծել որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված և զինվորական ծառայությունից երկարամյա ծառայության կամ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով արձակված նախկին զինծառայողների բնակարանային խնդիրները: Ծրագրի համար հատկացվել է 5 մլրդ 705 մլն դրամ գումար:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է որոշմանն ու մեկնաբանություն արել այդ թեմայի շուրջ ծագած բողոքների վերաբերյալ: «Մեր երկրում, երբեմն, հետաքրքիր տրամաբանություն է գործում: Երբ, ասենք՝ ինչ-որ մի հարց մեռյալ կետում է տասնյակ տարով, ոչ մեկ դրա մասին ոչ հիշում է, ոչ մտածում, ոչ ուզում է լուծի, ընդհանրապես չի էլ հիշում դրա մասին, բոլորը կարծես նորմալ են: Իսկ երբ կամք է ցուցաբերվում, և թեկուզ շահառուների 90 տոկոսի, 80 տոկոսի կամ կեսի խնդիրը 100 տոկոսով լուծում ենք, բողոքներ են ի հայտ գալիս, որ՝ այս ինչ եք անում, այս ինչ եք լուծում: Սա ինձ համար անհասկանալի տրամաբանություն է: Հիմա մենք ի՞նչ ենք ասում: Ասում ենք՝ ժողովուրդ ջան, մարզերի ժողովրդի հարցը մենք լուծում ենք, Երևանում էլ առաջարկում ենք տարբերակ: Եթե այդ տարբերակը ձեզ ձեռնատու է՝ խնդրեմ, այդ տարբերակից օգտվեք, եթե ձեռնատու չէ, այդ ինչպես է 10 տարի սպասել եք, հիմա մի ամիս, մեկ շաբաթ էլ չեք կարողանում սպասել, ուրեմն որոշակի ժամանակ էլ սպասեք»: