Մայիսի լույս 9-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Մասիս» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծեծված կին, որը մահացած է։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խմբերը կարճ ժամանակում պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ և սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մասիսի բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի։
Նախնական տվյալներով՝ երիտասարդը Այնթապ գյուղի վարչական տարածքում վիճել է 30-ամյա մի կնոջ հետ։ Այդ ընթացքում ձեռքերով ու ոտքերով, ինչպես և ռետինե խողովակավ և բանալիով հարվածներ է հասցրել աղջկա մարմնի տարբեր մասերին, ապա աղջկան իր մեքենայով տեղափոխել «Մասիս» բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ոստիկանները բերման ենթարկվածին ներկայացրել են տարածքային նախաքննական մարմնին՝ հարցաքննության։
Երիտասարդը ձերբակալվել է։
Քննությունը շարունակվում է։