Նախադպրոցական ուսհաստատություն հաճախող երեխաների ծնողների համար աշխատանքային ժամերի փոփոխություն է նախատեսվում

Կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը հնարավորություն կտա նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողներին առավել արդյունավետ և առանց խոչընդոտների կազմակերպել իրենց երեխաների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու գործընթացը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամերի առկա ռեժիմը բազմաթիվ դժվարություններ է ստեղծում այնտեղ հաճախող սաների ծնողների համար:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամը հիմնականում ավարտվում է ժամը 17:30-ին, ինչի հետևանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալը կամ խնամատարծնողն առկա աշխատանքային ռեժիմի պայմաններում ստիպված է լինում լրացուցիչ դժվարություններ կրել՝ ժամանակից շուտ լքել աշխատավայրը, ինչը հարուցում է ղեկավարության դժգոհությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածը լրացնել նոր՝ 1.1-ին մասով, որով նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողը հնարավորություն կստանա աշխատանքային օրը ավարտել 17:00-ին, եթե իր աշխատանքային օրվա ավարտը 18:00-ին է, կամ նրա կտրամադրվի 1 ժամ ժամանակ (17:00-ից 18:00-ն):

Հարկ է նշել, որ նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքը, քանի որ հիշյալ հաստատությունների աշխատակիցների աշխատանքի կազմակերպումը կլինի առավել պատշաճ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակիցների համար առավել կանխատեսելի կլինի իրենց աշխատանքի ավարտի ժամը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել