ՀՀ-ում արտադրված բջջային հեռախոսների և պլանշետների համար ԱԱԾ հայտագրի առկայությունը պարտադիր է. ՏԶՆՆ

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը պարզաբանում է տարածել հայկական արտադրության հեռախոսների և պլանշետների արտահանման վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետությունում արտադրված բջջային հեռախոսների և պլանշետների համար Ռուսաստանի Դաշնությունում իրացման թույլտվության պարտադիր պայման է ծագման սերտիֆիկատի, Ազգային անվտանգության ծառայության հայտագրի և համապատասխանության սերտիֆիկատի առկայությունը: Բացի նշված փաստաթղթերից վերոնշյալ արտադրանքը Ռուսաստանի Դաշնություն ներմուծելիս պահանջվում է նաև կապի միջոցների համապատասխանության սերտիֆիկատի ձևակերպում, որի հայտարարագրման ժամանակ, ըստ Ռուսաստանի Դաշնության կառավարությանորոշման , հայտատու կարող է հանդիսանալ ՌԴ օրենսդրությամբ գրանցված իրավաբանական անձը կամ անհատ ձեռներեցը, որն ապահովում է ներմուծվող կապի միջոցների համապատասխանությունը սահմանված պահանջներին:
Այս լրացուցիչ պահանջը խոչընդոտում է թույլտվության ստացման գործընթացին, ինչպես նաև սահմանափակում ԵԱՏՄ անդամ երկրներում արտադրված ռադիոէլեկտրոնային արդյունաբերության ապրանքների տեղաշարժը Եվրասիական տնտեսական միության տարածքում:

Առաջացած խնդիրը հայկական կողմից ներկայացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ որպես ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում փոխադարձ առևտրում առկա Հայաստանի Հանրապետության համար առավել զգայուն խոչընդոտ: Արդյունքում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունվել է «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում արտադրված կապի միջոցների համապատասխանության պարտադիր պահանջների հաստատման մասին» №41 Կարգադրությունը: Համաձայն նշված կարգադրության ՝ ԵԱՏՄ անդամ պետություններին առաջարկվել է Միության երկրներում կապի միջոցներ արտադրողների համար ապահովել անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կապի միջոցների համապատասխանության պարտադիր պահանջների հաստատման ժամանակ որպես հայտատու հանդես գալու հնարավորություն: Հարկ է նշել, որ Կարգադրությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամների կողմից ստորագրվելուց հետո ուժի մեջ է մտել 2018 թվականի դեկտեմբերի 27-ին:

2019 թվականի մարտի 27-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դիմել է Եվրասիական տնտեսական Հանձնաժողով՝ վերոհիշյալ կարգադրության կետերի կատարմանն ուղղված իրականացված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:

Ի պատասխան նախարարության կողմից ներկայացված հարցման՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախարարությանը պատասխանել է հետևյալը․ ռուսական կողմը աշխատանքային կարգով հայտնել է, որ պատրաստ է քննարկել Միության անդամ երկրների կողմից տրամադրված կապի միջոցների համապատասխանության սերտիֆիկատների ճանաչման հնարավորության հարցը՝ պարտադիր պահանջների մոտարկման և համապատասխանության հաստատման գործընթացի աշխատանքների վարման պայմանով, ինչպես նաև կապի մեջոցների համապատասխանության հաստատման ժամանակ ռեզիտենտության սկզբունքի վերացման հնարավորությունը:

Միաժամանակ հարկ է նշել, որ բարձրացված հարցի առնչությամբ, որպես միջանկյալ այլընտրանքային տարբերակ, քննարկվել է նաև Ռուսաստանի Դաշնությունում հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի համապատասխան ներկայացուցչի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրված կապի միջոցների որոշակի խմբաքանակի, կամ սերիական արտադրության նմուշառման իրականացման հնարավորությունը հետագայում Ռուսաստանի Դաշնությունում համապատասխան սերտիֆիկատ տրամադրելու նպատակով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել