ՀՀ Քննչական կոմիտեում ամփոփվել են 2019 թվականի առաջին եռամսյակում Կոմիտեում և ենթակա ստորաբաժանումներում կատարված աշխատանքների հիմնական ցուցանիշները:
Ներկայացվող ժամանակահատվածում Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններն ու ստորաբաժանումներն աշխատել են էական ծանրաբեռնվածությամբ: Հանցագործությունների մինչդատական քննության բնագավառում Կոմիտեի ծանրակշիռ դերի մասին է վկայում այն հանգամանքը, որ
• 2018թ. համեմատությամբ վարույթում քննված քրեական գործերի քանակն աճել է 3.251-ով կամ 42,6 %-ով: 3.251 գործի աճը պայմանավորված է նախորդ տարվանից փոխանցված գործերի աճով՝ 2.214 և եռամսյակի ընթացքում 1.037 գործ փաստացի ավել վարույթ ընդունելով քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում:
Աճի ծավալն առավել ակներև ներկայացնելու համար որպես օրինակ նշենք երկու համեմատություն՝
1. 2018թ. առաջին եռամսյակում Երևան քաղաքի քննչական վարչությունում և ենթակա վարչական ութ շրջանների քննչական բաժիններում քննվել է 3.109, բոլոր տաս մարզերի քննչական վարչություններում՝ 2.429, զինվորական քննչական գլխավոր վարչության բոլոր ստորաբաժանումներում՝ 1.976 գործ, այսինքն՝ աճն այնքան մեծ է, որ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում քննչական երեք միավորներից յուրքանչյուրի վարույթում քննված գործերի քանակը,
2. 2017թ. առաջին կիսամյակում Կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է 10.526 գործ, իսկ 2018թ. առաջին կիսամյակում՝ 12.622, այսինքն՝ 2019թ. առաջին եռամսյակում 2017թ. կիսամյակի համեմատությամբ ավել է քննվել 353, իսկ 2018թ. առաջին կիսամյակի համեմատությամբ պակաս է քննվել 2.096 գործ,
• 2019թ. փոխանցված 4776 քրեական գործերով ՀՀ-ում գործող 4 փորձագիտական հիմնարկներում նշանակված է եղել 1001 փորձաքննություն, որից 635-ով եզրակացությունները դեռ չեն ստացվել,
• քրեական գործերով մեկ քննիչի ծանրաբեռնվածությունը աճել է 6,2 գործով և կազմել 23,1, այսինքն՝ նախորդ տարվա համեմատ յուրաքանչյուր քննիչ ամսվա կտրվածքով 2 քրեական գործ է ավել ընդունել վարույթ,
• եթե քննարկվող ժամանակահատվածում վարույթի գործերն աճել է 3.251-ով, ապա 2019թ. երկրորդ եռամսյակ փոխանցված գործերի քանակը համաչափորեն չի աճել, ավելին՝ նվազել է և փոխանցված գործերի քանակային տարբերությունը կազմել է 1.648,
• քննված քրեական գործերից 2.243-ի կամ 20,6 %-ի նախաքննությունն ավարտվել է (2018թ.- 1.646 կամ 21,5 %), այսինքն` ավարտված քրեական գործերի տեսակարար կշիռը տոկոսային հարաբերությամբ նվազել է 0,9 %-ով, բայց բացարձակ թվերով աճել է 597-ով,
• արտադրողականությունն ըստ ընթացքը լուծված գործերի կազմել է 5.182 կամ 47,6 % (2018թ.- 3.579 կամ 46,9 %), այսինքն` ընթացքը լուծված գործերի տեսակարար կշիռն աճել է ինչպես տոկոսային հարաբերությամբ՝ 0,7 %-ով, այնպես էլ բացարձակ թվերով՝ 1.603-ով,
• 29.04.2019թ. դրությամբ Կոմիտեի բոլոր ստորաբաժանումների վարույթում քննվում է 6.464 քրեական գործ,
• լրացուցիչ քննության վերադարձված գործերի քանակը նվազելով 7-ով՝ կազմել է 22, ինչը վկայում է քննության որակի բարձրացման մասին,
• քննիչները ձերբակալել են 240 անձի,
• կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան է ներկայացվել 263 միջնորդություն, որից 21-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրաված անձանց վերաբերյալ: 231 միջնորդություն բավարարվել է, որից 21-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրաված անձանց վերաբերյալ (առանց 327-րդ հոդվածի՝ 210 միջնորդություն),
• խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար 1.024 միջնորդություն է ներկայացվել դատարաններ, որից 967-ը բավարարվել է,
• մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումներ ստանալու թույլտվության համար 3.600 միջնորդություն է ներկայացվել դատարաններ,
• քննվել է 2019թ. կատարված սպանության և փորձերի 14 դեպք, որից 11-ը բացահայտվել է,
• ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով 114 մեղադրյալ զորակոչվել է զինված ուժեր,
• Կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 720 քրեական գործ: Այդ գործերով որպես մեղադրյալ ներգրավվել են 364 անձինք: Դատի է տրվել 68 անձ, որոնցից 1-ը գտնվել է կալանքի տակ: 720 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 277 պաշտոնատար անձ, այսինքն՝ որպես մեղադրյալ ներգրավված անձանց 76,0 %-ը: 36 մեղադրյալի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է:
• պատճառված գույքային վնասի վերականգնման նպատակով միայն Կոմիտեի դեպոզիտային հաշվին մուծված և առկա գումարի շարժը հետևյալն է.
– 01.01.2018թ. դրությամբ- 176.019.482,3 դրամ,
– 01.01.2019թ. դրությամբ- 1.130.123.244,6 դրամ,
– 06.05.2019թ. դրությամբ- 1.576.755.700 դրամ:
Այնուամենայնիվ, ուսումնասիրությունները և վերլուծությունները ցույց են տվել, որ կատարված զգալի աշխատանքների արդյունքները բավարար չեն և 2019թ. հաջորդող ժամանակահատվածներում Կոմիտեն զգալի աշխատանքներ ունի կատարելու հանցավորության դեմ պայքարում: