Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է անվանափոխել «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելով «Երկրատարածական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Կոմիտեն իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորում է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համակարգի «Երկրատարածական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործառույթների նոր ուղղություններով համալրելով, ինչպես նաև արդի տեխնոլոգիական պահանջներին և միջազգային գործող կարգերին համապատասխանեցնելով:
Համալրված կազմակերպության գործառույթները խթանելու են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի և երկրատեղեկատվական համակարգի (GIS) շահառուների միջև ինտեգրացիոն գործընթացների կազմակերպումը, տվյալների փոխանակումը, մշակումը և Հայաստանի Հանրապետության միասնական գեոպորտալում աշխատանքների հրապարակումը: Բոլոր փաստաթղթերը տեղայնացվելու և մշակվելու են Եվրոպական միության տարածական տվյալների կառուցվածքի (Inspire Directive), 2007 թվականի մայիսի 15-ից գործող փաստաթղթի պահանջներին համապատասխան: Նոր գործառույթներով համալրումը հնարավորություն կտա «Ինտեգրված կադաստրի» համար ստեղծելու տարածական տվյալներ և համակարգի հետագա զարգացման շնորհիվ դրանում ընդգրկելու հանրապետությունում առկա բոլոր թվային և ոչ թվային տեղեկությունները:
Կազմակերպությունը իրականացնելու է տեղեկատվության ոլորտում վիճակագրական հաշվառումների ու վերլուծությունների կազմակերպում օրենքով սահմանված կարգով, ապահովելու է պետական տեղեկատվության հրապարակայնություն` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Իրականացնելու է նաև բոլոր թվային քարտեզների վերահսկողություն, աշխարհագրական անվանումների տնօրինում, տվյալների շարունակաբար թարմացում, քարտեզների և աշխարհագրական անվանումների ստուգում, վերլուծություն և մոնիթորինգ:
«Ելնելով այն հանգամանքից, որ գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը ներկայումս պահանջում է աշխատանքների առավել արդյունավետության բարձրացում, հետևաբար կազմակերպության կանոնադրական գործառույթներում կատարվում են համապատասխան փոփոխություններ, ինչի արդյունքում լրացվում են նոր մասնագիտական գործառույթները: Հաշվի առնելով վերը նշված խնդիրները, նյութերի ծավալներն ու ոլորտների բազմազանությունը` աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար նպատակահարմար է կատարել փոփոխություններ և լրացումներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1853-Ն որոշման մեջ»,-նշում է նախագծի հեղինակը:
Կարգավորման նպատակն է կանոնադրության փոփոխության արդյունքում բարձրացնել կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը և համապատասխանեցնել գործառույթները՝ ոլորտի զարգացմանը համահունչ:
Ըստ հեղինակի, «Երկրատարածական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության նոր գործառույթների լրացումը կնպաստի`
1) Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված կադաստրի համար անհրաժեշտ միասնական տարածական և կադաստրային տվյալների հավաքագրմանը, մշակմանը և օգտագործմանը.
2) Բազային երկրատեղեկատվական համակարգերի (GIS) տեղեկատվական բանկի տվյալների հավաքագրմանը և չափորոշիչների մշակմանը.
3) Հայաստանի Հանրապետության միասնական ՀՀ ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում տարածական տեղեկատվական հարթակի ստեղծմանը.
4) Գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխներգործության շնորհիվ օպերատիվության, հաշվետվողականության, թափանցիկության բարձրացմանը և տվյալների բարձր ճշտության ապահովմանը.
5) Արդյունավետության բարձրացմանը` զուգահեռ գործընթացների կրճատման և տվյալների հոսքի ավտոմատացման շնորհիվ.
6) Ըստ ոլորտների մշտադիտարկման ժամանակացույցի մշակմանը.
7) Քանակական և որակական, ստատիկ և դինամիկ տեղեկատվության ապահովմանը.
8) Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և հանրության համար համացանցի (ինտերնետ) միջավայրում տեղեկատվության հասանելիության, մատչելիության, անընդհատության ապահովմանը.
9) Օգտագործողներին տեղեկատվական և մասնագիտական աջակցության տրամադրմանը և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև մասնավոր հատվածի իրավաբանական կազմակերպություններին օժանդակելուն երկրատեղեկատվական տեխնոլոգիաների մասով.
10) Բարձրակարգ մասնագետների աշխատանքի և տեխնոլոգիաների շարունակական բարելավման միջոցով մարզերի տնտեսական արդյունավետ ծրագրերի ստեղծմանը և այլն:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կազմակերպության գործառույթների առավել լիարժեք իրականացում և գործունեության արդյունավետության բարձրացում: