«Բարձրաձայնե՛ք եւ փրկե՛ք կյանքներ» խորագրի ներքո այսօր մեկնարկեց ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության հինգերորդ գլոբալ շաբաթը։ Այս առիթով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի բակում «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված ցուցադրական ակցիային ՄԱԿ-ի մի շարք պաշտոնյաններ՝ ՀՀ-ում կառույցի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ, ինչպես նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու ՃՈ պետ Եգոր Կարապետյանն անձամբ փորձակեցին ամրագոտու փորձասարքը՝ ցույց տալով, թե ինչ կարեւորություն ունի ամրակապվելը մեքենայում՝ անգամ ցածր՝ 30կմ/ժ արագությամբ կտրուկ արգելակելու դեպքում։
Հայաստանը տարածաշրջանում, ցավալիորեն, առաջին հորիզոնականում է վթարներում մարդկային զոհերի եւ վիրավորների թվով։ Հիշյալ անձանց մասնակցությամբ հրավիրված ասուլիսում մտահոգիչ շատ ցուցանիշներ ու խնդիրներ բարձրաձայնվեցին։ Մասնավորապես, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ՃՏՊ-ները հանդիսանում են 5-29 տարեկան երեխաների վաղաժամ մահացության առաջնային պատճառը։
ՄԱԿ-ի մշտական համակարգողն իր խոսքում շեշտեց, որ պատրաստ է լրջորեն հակադարձել մեր երկրում այսօր ծավալված այն առարկությանը, թե ֆինանսական խնդիրների պատճառով ոչ բոլորն իրենց կարող են թույլ տալ մանկական ամրատեղ ունենալ. «Ես միայն նրանց կհարցնեմ՝ ավելի լավ է գնել մանկական ամրատե՞ղ, թե՞ դագաղ»։
Բոլոր բանախոսներն անդրադարձան անվտանգության միջոցների պարտադիր կիրառման առումով հանրային գիտակցության բարձրացման կարեւորությանը։ ՃՈ պետ Կարապետյանը նշեց, որ չնայած բազմաթիվ հորդորներին՝ ամեն օր հանրապետությունում 450-600 վարորդ տուգանվում է ամրագոտի չկապելու համար։ Իսկ վիճակագրությունը փաստում է, որ ամրագոտու եւ մանկական արմատեղերի կիրառումը մինչեւ 80% նվազեցնում է վթարներում մահվան ելքով դեպքերի եւ վնասվածքների թիվը։
Իսկ «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Հովհաննիսյանն ընդգծեց, որ բոլոր ջանքերն այս աղետի դեմ պայքարի գործում պետք է համախմբել եւ համակարգել։
«Կարեւոր ենք համարում ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը պետական մակարդակով, ինչի փորձը տարիներ առաջ ունեցել ենք եւ լավ արդյունք ենք գրանցել։ Սակայն 2013թ-ից ի վեր ռազմավարությունը չի թարմացվել, եւ այսօր մեր կառավարությունը չունի գործողությունների պլան»,- ասաց Հովհաննիսյանը։
Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ ՀԿ